Պակիստանը թույլատրել է Իրանին գաղտնի կերպով ռազմական ավիացիայի մի քանի ինքնաթիռներ տեղակայել իր սեփական օդանավակայաններում։ Այդ քայլն իրականացվել է ինքնաթիռներն ԱՄՆ-ի հնարավոր հարվածներից պաշտպանելու նպատակով։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Պակիստանը, հանդես գալով որպես Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական միջնորդ, աննկատ կերպով թույլատրել է իրանական ռազմական ինքնաթիռներին տեղակայվել իր օդանավակայաններում՝ պոտենցիալ կերպով պաշտպանելով դրանք ամերիկյան ավիահարվածներից»,- ասված է հրապարակման մեջ։
Հեռուստաալիքի զրուցակիցների տվյալներով՝ ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ հրադադարի հայտարարումից մի քանի օր անց Թեհրանը մի քանի ինքնաթիռ է տեղափոխել պակիստանյան «Նուր Խան» ավիաբազա։ Ըստ հաղորդման՝ տեղակայված տեխնիկայի թվում եղել է նաև իրանական RC-130 BBG հետախուզական ինքնաթիռը։
Բացի այդ, Իրանը ժամանակավորապես վերաուղղորդել է քաղաքացիական ավիացիայի մի մասը դեպի Քաբուլ։ Ավելի ուշ, երբ Իսլամաբադի և «Թալիբան» շարժման հարաբերությունների սրման ֆոնին սկսվել են պակիստանյան ավիահարվածները, ինչից հետո ինքնաթիռները տեղափոխվել են Իրանի սահմանի մոտ գտնվող Հերաթ քաղաքի օդանավակայան։