Մեր ՀՈԱԿ–ները պարբերաբար ստանում են պարգևավճարներ, հատկապես տարեվերջին և կիսամյակին, ուղղակի այս տարի, որ մայիսի 1–ը մեծ շուքով էր նշվում, մենք չուզեցինք պարգևավճարները տալ մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրվա առիթով կամ կիսամյակի ամփոփման առիթով և դրանք բաշխեցինք հենց մայիսի 1–ին՝ աշխատավորների օրը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վեդի խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են իր ենթակայության տակ գտնվող օղակները մայիսի 1–ին պարգևավճար ստացել, մինչդեռ նախկինում երբեք նման բան չի եղել։
«Բոլոր աշխատավորներն էլ իրավունք ունեն ստանալ պարգևավճարներ։ Համայնքապետարանի աշխատակիցները լինում է, որ նաև եռամսյակային են ստանում, կիսամյակային են ստանում, ըստ կատարած աշխատանքի կատարողական արդյունքների են ստանում։ Դա նորմալ երևույթ է, քանի որ ունենք ավագանու որոշումով սահմանված պարգևատրման բյուջե, ֆոնդ, և քանի որ համայնքներում, համայնքապետարանում և նրա ենթակայության տակ գործող ՀՈԱԿ–ներում աշխատավարձները շատ ցածր են։ Հիմնականում նվազագույն աշխատավարձ են ստանում մանկապարտեզներում և արտադպրոցական հաստատություններում, և մենք պարգևավճարի միջոցով փորձում ենք ինչ-որ չափով նրանց աշխատանքը կոմպենսացնել։
Դա ընտրությունների հետ բացարձակ կապ չունի։ Մենք խախտում արած կլինեինք, եթե մայիսի 28-ին տայինք, արդեն բուն քարոզարշավի ժամանակ, որ ամեն տարի տվել ենք կիսամյակը ամփոփելուց։ Դդրա համար առաջ բերեցինք և տվեցինք մայիսի 1–ին»,–ասաց նա։