Սիրիայի իշխանությունները հույս ունեն «հանգիստ և կայուն» փոխհարաբերություններ հաստատել Իսրայելի հետ՝ չնայած վերջինիս կողմից հնչող սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է արաբական հանրապետության արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին։
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բախվում ենք Իսրայելի կողմից հնչող սպառնալիքներին։ Մենք ցանկանում ենք հանգիստ և կայուն հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, քանի որ ցանկանում ենք կենտրոնանալ [Սիրիայի] վերականգնման և սիրիացիների վերադարձի համար անվտանգ միջավայրի ստեղծման վրա»,- ասել է նա՝ պատասխանելով էմիրաթական The National թերթի թղթակցի համապատասխան հարցին։
Նախարարը հավելել է, որ հույս ունի հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ՝ չնայած ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցություններում զգալի արդյունքների բացակայությանը։ Սիրիայի ԱԳ նախարարը նաև կոչ է արել վերսկսել երկու երկրների սահմանին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող առաքելությունը, որը սկսվել էր դեռևս 1974 թվականին։ Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան նույնպես խոստովանել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման և անվտանգության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները փակուղում չեն, սակայն ընթանում են մեծ դժվարությամբ։
Ելույթ ունենալով փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ օկուպացիոն ուժերի անդադար հարձակումները վտանգում են սիրիացիների կյանքը և ապակայունացնում տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ Դամասկոսում չեն կարող ընդունել իսրայելական գործողությունները որպես կատարված փաստ։
2025 թվականի հուլիսին Սիրիայի Էս-Սուվեյդա նահանգում բախումներ են տեղի ունեցել սիրիական աշխարհազորայինների և լեռնաբնակ դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև։ Իսրայելը միջամտել է հակամարտությանը և հարվածներ հասցրել Էս-Սուվեյդա շարժվող Սիրիայի զինված ուժերին։ Այս ամենից զատ, Իսրայելը նաև հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաքում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտների ուղղությամբ։