Մինչ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ընթացքում շարունակում են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումն ու բուժծառայությունների հասանելիությունը ներկայացնել որպես առաջնահերթություն, քաղաքացիները ահազանգում են անվճար տրամադրվող դեղորայքի որակի և պիտանելիության վերաբերյալ խնդիրների մասին։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունն ու ազգանունը՝ նշելով, որ ընտանիքում զինվորականներ կան, պատմել է, որ իրեն տրամադրված ինսուլինը ժամկետանց է եղել։
«Ժամկետանց ինսուլիններ են տալիս, որոնց ժամկետի ամսաթվի վրա ակցիզներ էին փակցված։ Երբ բացեցի ու հարցրեցի՝ բա ինչի՞ է ժամկետն անցած, պատասխանեցին, թե դեռ վեց ամիս կարելի է օգտագործել։ Հետո դեղատանը պատմեցի, աշխատողները ծիծաղեցին նման անհեթեթ պատասխանի վրա»,-ասում է քաղաքացին։
Նրա խոսքով՝ համեմատաբար ավելի որակյալ և ժամկետի մեջ գտնվող դեղամիջոցներն ու գլյուկոմետրերը տրամադրվում են միայն մինչև 40 տարեկան հիվանդներին։
«Բժիշկս ու պոլիկլինիկայի դեղատան աշխատողն ասում էին, որ հրահանգ է իջեցվել՝ լավ դեղերն ու գլյուկոմետրերը տալ մինչև 40 տարեկան հիվանդներին։ Բժիշկներից մեկն էլ ասում էր, որ նախարարի մաֆիան է, լավ դեղերը վաճառում են, իսկ ժամկետին մոտեցող դեղերն արդեն անվճար բաժանում»,-նշում է նա։
Քաղաքացին նաև պատմում է, որ երբ դժգոհել է, թե տրամադրված դեղերը չեն օգնում, պատասխանել են, որ դրանց ազդեցությունը կարող է պահպանվել նաև ժամկետի ավարտից հետո։
«Ասում եմ՝ գլյուկոմետրս կոտրվել է, մի հատ դուրս գրեք, ասում են՝ գլյուկոմետրն ու «Լևեմիրը» տալիս ենք մինչև 40 տարեկան հիվանդներին։ Այսպիսի անհեթեթ պատասխան»,-եզրափակում է քաղաքացին։
Անահիտ Չալիկյան