Երևանը Հայաստանի սիրտն է, բայց այդ սիրտը խնդիրներ ունի. Ռոբերտ Քոչարյան

«Երևանը Հայաստանի սիրտն է, բայց այդ սիրտը խնդիրներ ունի»։ Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Ելույթը սկսելով արտաքին քաղաքական հարցերից՝ Քոչարյանը նշել է, որ լինելով այդ թաղամասի բնակիչ, երբ սկսվեց «պատերազմը» Արարատ լեռան հետ (Քոչարյանը մեկնաբանում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունները), անմիջապես մտածել է՝ արդյո՞ք վարչական շրջանի հենց անվանումը «տարածքային հավակնություն» չէ Թուրքիայի նկատմամբ։ «Անվանումը կմնա՞, թե՞ ինչ։ Հարցի պատասխանը չկա։ Գուցե Մալաթիա-Սեբաստիան կոնֆլիկտածին անվանո՞ւմ է։ Եվ ի՞նչ անենք մենք՝ հեռանա՞նք, թե՞ նրանց ստիպենք հեռանալ։ Պատասխանը ձերն է»,- դիմել է քաղաքական գործիչը բնակիչներին։

Խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին՝ նա փաստել է, որ Երևանը Հայաստանի սիրտն է, բայց այդ սիրտը խնդիրներ ունի։ Անդրադառնալով անվերջանալի խցանումներին՝ քաղաքական գործիչը հիշեցրել է, որ խնդիրն ի հայտ է եկել 2000-ականների սկզբին, և այն ժամանակ սկսեցին միջոցներ ձեռնարկվել։ Այսպես, բոլոր նոր տրանսպորտային հանգույցները կառուցվել են հենց այդ ժամանակ։ «Պետք էր շարունակել։ Ոչինչ չի արվում, նրանք չեն հասկանում՝ ինչ կլինի 2 օր հետո։ Եվ դա վերաբերում է բոլոր ոլորտներին ու ամբողջ երկրին։ Պատրաստ են հարաբերություններ փչացնել՝ առանց երկար մտածելու, թե ինչպիսին կլինի արդյունքը ժողովրդի համար»,- փաստել է նա։

Նայելով անձրևից հետո երկինքը զարդարած ծիածանին՝ Քոչարյանը նշել է, որ իրեն կնքել է Պարգև արքեպիսկոպոսը Գանձասարում (ներկայում բռնազավթված Լեռնային Ղարաբաղում)։ «Դուրս եկա եկեղեցուց։ Ծիածան էր։ Դա նշան է»,- ասել է նա։

Քաղաքական գործիչը խոստացել է բազմաթիվ փոփոխություններ՝ գույքահարկի ոլորտից մինչև կրթություն։ «Տուգանքների ծավալը հարյուրավոր անգամներ աճել է։ Առանձին հարց է պարգևավճարները։ Եթե բյուջեում փող կա, ինչո՞ւ եք տալիս պարգևավճարների տեսքով։ Բարձրացրե՛ք աշխատավարձերը, որպեսզի դա ողորմություն չթվա»,- նշել է Քոչարյանը՝ միտք հայտնելով, որ դա արվում է աշխատողներին կախվածության մեջ պահելու համար։ Այնպիսի տպավորություն է, թե ժողովուրդը խանգարում է իշխանություններին, հնարավորություն լիներ՝ ընդհանրապես ժողովրդից կազատվեին, հավելել է քաղաքական գործիչը։

Ելույթի վերջում անձրև է սկսվել։ «Տեղատարափը ճիշտ ժամանակին սկսվեց, թող տանի ամբողջ փոշին»,- ելույթն ավարտել է Քոչարյանը։ Իջնելով հարթակից՝ նա շարունակել է շփվել շրջանի բնակիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *