Սենատի հանրապետականները նախագահ Թրամփին կոչ են անում զերծ մնալ Կուբայի սոցիալիստական վարչակարգին ռազմական հարվածներ հասցնելու հրամանից՝ փաստարկելով, որ ԱՄՆ զինված ուժերի ռեսուրսներն արդեն իսկ առավելագույնս ներգրավված են Իրանի հետ հակամարտությունում, գրում է The Hill-ը։
Ըստ օրենսդիրների՝ Թրամփի վարչակազմը չպետք է նույնիսկ մտածի «երկրորդ ճակատ» բացելու մասին միջանկյալ ընտրությունների տարում, երբ ընտրողներն առանց այն էլ դժգոհություն են հայտնում իրանական պատերազմից։ Օրենսդիրները պնդում են, որ թե՛ երկրի, թե՛ վարչակազմի առաջնահերթությունը պետք է լինի իրանական պատերազմից դուրս գալու ելք գտնելը։
Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը մնում է ազգային անվտանգության կարևորագույն խնդիրը։ «Այժմ մենք կենտրոնացած ենք ընթացիկ իրավիճակի վրա, այն է՝ Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու փորձերի վրա»,- նշել է նա։
Չնայած նախազգուշացումներին՝ Կուբան վաղուց է Թրամփի վարչակազմի «թիրախում»։ Այս ամսվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը կգրավեն Կուբան «գրեթե ակնթարթորեն» և չէր բացառել կղզու ափերի մոտ ավիակիր հարվածային խմբի տեղակայման հնարավորությունը։
Հանրապետականները նախագահին կոչ են անում կենտրոնանալ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման վրա, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Կաթվածահար եղած երթևեկության պատճառով էներգակիրների համաշխարհային գները կտրուկ աճել են, իսկ ԱՄՆ-ում բենզինի արժեքը սրընթաց աճ է գրանցում։
Առանցքային սենատորների դիրքորոշումները.
Ջոն Թյուն. նախապատվությունը տալիս է վարչակարգի «օրգանական» անկմանը՝ պատժամիջոցների և ծովային շրջափակման ճնշման տակ, այլ ոչ թե ուղղակի ռազմական ուժին։
Ջեյմս Լենքֆորդ. կտրականապես դեմ է արտահայտվել ռազմական արշավին՝ կոչ անելով թույլ տալ տնտեսական ճնշմանը «անել իր գործը»։
Ռենդ Փոլ. զգուշացրել է, որ Կուբայի հետ պատերազմը սխալ կլինի։ Նրա խոսքով՝ Կուբայի դեսպանը հասկացրել է, որ Հավանան պատրաստ է բանակցությունների և ամերիկյան ներդրումների։
Սենատորները մտահոգված են, որ ամերիկյան զորքերը չափազանց սփռված են։ Իրանի դեմ ռազմական գործողությունները տևում են արդեն շատ ավելի երկար, քան Թրամփի նախնական գնահատականներն էին (4–5 շաբաթ)։
Անցյալ ամիս հանրապետականներն արգելափակել էին դեմոկրատների բանաձևը «Ռազմական լիազորությունների մասին օրենքի» (1973 թվական) շրջանակում, որն արգելում էր Թրամփին զորք օգտագործել Կուբայի դեմ։ Սակայն այժմ տրամադրությունները կուսակցության ներսում սկսում են փոխվել. սենատորներ Սյուզան Քոլինզը և Ռենդ Փոլն արդեն բացահայտ հանդես են գալիս ինտերվենցիայի դեմ, իսկ այլ ազդեցիկ հանրապետականներ հոռետեսություն են հայտնում ռազմական գործողությունների ընդլայնման վերաբերյալ։