Հայաստանի իշխանություններն աննախադեպ պատերազմ են հայտարարել հայկական ինքնության խորհրդանիշների դեմ. Աննա Գրիգորյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հինգ կետերին:

Առաջին կետով նա անդրադարձել է կրթության հարցերին՝ ընդգծելով, որ քաղաքական ուժը նպատակ է դնում ապահովել անվճար կրթություն՝ հանելով այդ ծանր բեռը հազարավոր ընտանիքների վրայից: Երկրորդ կետով նա նշել է ուսուցիչների ատեստավորման նվաստացուցիչ համակարգի վերանայման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ 15 տարվա աշխատանքային ստաժը ինքնաբերաբար կնշանակի ատեստավորում և բարձր աշխատավարձ։ Երրորդ կետը վերաբերում է գույքահարկի անհիմն բարձրացմանը։ Ըստ Գրիգորյանի՝ 2026 թ. համար հարկը կչեղարկվի, իսկ 2025 թ. համար կկրճատվի կիսով չափ։ «Ստացվում է՝ հարկը բարձրացրին, «կարմիր գծերի» վճարը բարձրացրին, աղբահանության վճարը բարձրացրին, ամեն ինչ բարձրացրին, իսկ ի՞նչ նոր բան է ստեղծվել, այն պարագայում, երբ արտաքին պարտքն ավելացել է 8 միլիարդով»,- հարցրել է Գրիգորյանը։

Չորրորդ կետը վերաբերում է բանկային «սև ցուցակների» վերանայմանը։ Հինգերորդ կետը վերաբերում է խցանումների խնդրի լուծմանը։ «Յուրաքանչյուր երևանցի իր կյանքի մի մասն անցկացնում է խցանումների մեջ՝ ընտանիքի և ընկերների հետ անցկացնելու փոխարեն։ Ինչո՞ւ է այդպես ստացվում։ Այդ թվում նաև այն պատճառով, որ 8 տարվա ընթացքում ոչ մի նոր ենթակառուցվածք չի կառուցվել։ Կրկնեմ՝ 8 տարում պետական պարտքն աճել է 8 միլիարդով, բոլոր հնարավոր հարկերը բարձրացել են, բայց ոչ մի ճանապարհ, ոչ մի մետրոյի կայարան չի կառուցվել։ Դժվար է պատկերացնել, թե ինչ իրավիճակում կլինեինք հիմա, եթե Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չկառուցվեին այնպիսի հանգույցներ, ինչպիսիք են Սարալանջի ճանապարհը, Դավթաշենի կամուրջը, Խանջյանի հանգույցը և շատ այլ ճանապարհներ։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի «կթել» ու ոչ մի ճանապարհ չկառուցել երևանցիների համար»,- հայտարարել է պատգամավորը։

Անդրադառնալով ազգային ինքնության հարցին՝ Գրիգորյանը հայտարարել է. «Ինձ, ձեզ, Նոր Նորքի, Շենգավիթի, Կապանի բնակիչներին, Սան Ֆրանցիսկոյի և Սիդնեյի հայերին՝ բոլորիս միավորում է հավատքը, որի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ հայտարարված է աննախադեպ պատերազմ։ Մեր պատմությունը ենթարկվում է աննախադեպ սրբագրման, մենք տեսնում ենք Հայոց ցեղասպանության հիշողությունից հրաժարվելու ակնհայտ փորձեր։ Հավատքի, պատմության, ինքնության խորհրդանիշների նկատմամբ պատերազմ է հայտարարված, և մեր ընտրությամբ մենք կկանգնեցնենք այդ պատերազմը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *