Աշխարհի խոշորագույն ստորջրյա ուժային մալուխներից մեկի կառուցման կասեցված նախագիծը, որը պետք է միացնի մայրցամաքային Եվրոպան Կիպրոսի հետ, կարող է իրականացման համար լրացուցիչ միջոցներ պահանջել, եթե առաջիկա ստուգումը հաստատի ծախսերի կտրուկ աճը։ Դրա մասին Reuters գործակալությանը հայտնել է Կիպրոսի էներգետիկայի նախարար Միխայել Դամիանոսը։
Great Sea Interconnector-ը 1,9 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծ է, որը նախատեսում է Միջերկրական ծովի հատակով հաղորդալար անցկացնել՝ միացնելով Հունաստանը Կիպրոսի, իսկ հետագայում նաև Իսրայելի հետ։
Նախագիծն արդեն մի քանի տարի սառեցված վիճակում է՝ կապված դրա արժեքի վերաբերյալ մտահոգությունների և Արևելյան Միջերկրականում աշխարհաքաղաքական լարվածության հետ, որտեղ Հունաստանն ու Թուրքիան վիճում են իրենց մայրցամաքային շելֆերի սահմանների շուրջ։
Դամիանոսը հարցազրույցում նշել է, որ Կիպրոսն ու Հունաստանն այժմ սպասում են Եվրոպական ներդրումային բանկի ուսումնասիրության արդյունքներին, որը կգնահատի՝ արդյոք նախագծի արժեքը գերազանցել է սկզբնական կանխատեսումները։
«Եթե նախագիծն ավելի թանկ լինի, ապա այս խնդրի լուծման երկու կամ երեք տարբեր եղանակ կա,- ասել է Դամիանոսը՝ հավելելով, որ դա կարող է ներառել լրացուցիչ ներդրողների որոնում կամ ԵՆԲ-ի կողմից աջակցության ընդլայնում։ -Եթե գումարը զգալիորեն բարձր լինի, մենք ստիպված կլինենք ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ փնտրել… Մենք որոշ գաղափարներ ունենք, բայց նախ պետք է տեսնել իրական արժեքը»։
Կիպրոսը ԵՄ միակ երկիրն է, որը կապ չունի միության մյուս անդամների էլեկտրացանցերի հետ, և այս մալուխը կոչված է ամրապնդելու նրա էներգետիկ անվտանգությունը։
Դամիանոսը երեքշաբթի Նիկոսիայում պետք է հանդիպում ունենար Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հունաստանի էներգետիկայի նախարարի հետ։ ԵՆԲ-ում հաստատել են, որ նախագծի քննարկումը շարունակվում է՝ նշելով, որ ֆինանսավորման ցանկացած հայտ կդիտարկվի բանկի ընթացակարգերին համապատասխան։