Ծառուկյանն ու Թևանյանը ներկայացրել են Երևանի փոփոխությունների համատեղ ծրագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է անցկացրել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամների հետ։ Քննարկման կենտրոնում են եղել մայրաքաղաքի խնդիրները, նախընտրական ծրագիրը և երկու քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը։

Կողմերն ընդգծել են, որ իրենց համագործակցությունը հիմնված է բազմամյա փորձի, վստահության և համախմբման ձգտման վրա։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ միավորումն անհրաժեշտ է ճգնաժամը հաղթահարելու և Երևանի կուտակված խնդիրները լուծելու համար։

Հանդիպման մասնակիցները քննադատել են քաղաքային ենթակառուցվածքների ներկա վիճակը՝ մատնանշելով տրանսպորտի, խցանումների, աղբահանության, օդի աղտոտվածության և նոր ենթակառուցվածքային նախագծերի բացակայության խնդիրները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գույքահարկի բարձրացմանը։ Ծառուկյանը հայտարարել է, որ հարկային բեռի ավելացումը հատկապես ծանր է անդրադառնում թոշակառուների և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա։

«Չի կարելի ստիպել մարդկանց լքել իրենց տները միայն այն պատճառով, որ նրանք չեն կարողանում վճարել բարձր գույքահարկը»,- նշել է նա։

«Հայաստանի առաջարկ» ծրագրի շրջանակում քաղաքական ուժերն առաջարկում են նվազեցնել գույքահարկը, արդիականացնել տրանսպորտային համակարգը, լուծել խցանումների խնդիրը և զարգացնել Երևանի զբոսաշրջային ներուժը, այդ թվում՝ Ուրարտուի և Էրեբունու պատմական ժառանգության խթանման միջոցով։

Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջին իսկ օրվանից ակտիվորեն բարձրաձայնում է քաղաքային խնդիրները ավագանիում, իսկ «Բարգավաճ Հայաստանի» հետ ընտրություններին մասնակցելը քաղաքական և հասարակական ռեսուրսների միավորմանն ուղղված քայլ է։

Երկու ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնեն Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ բնակիչներին իրենց ծրագիրը ներկայացնելու և նրանց հուզող հարցերը քննարկելու համար։

«Մենք մեկ թիմ ենք և պատրաստ ենք միասին աշխատել հանուն Երևանում և Հայաստանում լուրջ փոփոխությունների»,- հայտարարել են հանդիպման մասնակիցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *