Ինչու՞ է Իրանում պատերազմը սպառնում Հարավային Աֆրիկայի ափերի մոտ գտնվող կետերին

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ խաթարել է էներգակիրների, պարարտանյութերի, դեղամիջոցների և նույնիսկ հելիումի համաշխարհային մատակարարումները՝ ջախջախիչ հարված հասցնելով ամբողջ աշխարհի տնտեսություններին։ Այժմ այն սպառնում է նաև Հարավային Աֆրիկայի ափամերձ գոտու կետերին, հայտնում է Al Jazeera-ն։

Հութիների մասնակցությամբ մարտական գործողությունները դեռ 2023 թվականից նավերին ստիպել են խուսափել Կարմիր ծովից և Սուեցի ջրանցքից։ Այժմ Իրանի և ԱՄՆ-ի սահմանած փոխադարձ սահմանափակումները Հորմուզի նեղուցով անցնելու համար ուժեղացրել են այդ միտումը։ Գիտնականները զգուշացնում են. ՀԱՀ ափերի մոտ նավագնացության ծավալների կտրուկ աճը «էապես մեծացրել է» նավերի և կետերի բախման վտանգը։

Այս մասին ասվում է Միջազգային կետորսական հանձնաժողովի (IWC) նիստում ներկայացված հետազոտության մեջ։ Զեկույցում նշվում է, որ Հարավային Աֆրիկայի հարավարևմտյան ափերը դառնում են ավելի ու ավելի ծանրաբեռնված, ինչն ուղղակիորեն ազդում է այդ տարածքում բնակվող կետերի հսկայական պոպուլյացիաների վրա։

Կետերի ո՞ր տեսակներն են վտանգված

Հարավային Աֆրիկայի ջրերը տուն են ավելի քան 40 տեսակի կետերի համար։ Բարեհուսո հրվանդանը հայտնի է հարավային հարթ կետերի, սապատավոր կետերի և Բրայդի շերտավոր կետերի պոպուլյացիաներով։ Այստեղ բնակվում են նաև խոյադելֆիններ, կաշալոտներ, փոքր շերտավոր կետեր և դելֆիններ։

Սապատավոր կետերի հսկայական խմբեր սնվում են այս ջրերում՝ նախքան Անտարկտիկա ամենամյա գաղթը։ Ըստ իշխանությունների տվյալների՝ սրանք սապատավոր կետերի ամենամեծ կուտակումներն են մոլորակի վրա, որոնց թիվը գնահատվում է 11 հազարից  մինչև 13 հազար առանձնյակ։

Շատ տեսակներ տուժել են 20-րդ դարի առևտրային կետորսությունից։ Եվ եթե հարավային հարթ կետի և սապատավոր կետի պոպուլյացիաները վերականգնվել են, ապա անտարկտիկական կապույտ կետը, ֆինվալը և սեյվալը մինչ օրս գրանցված են ՀԱՀ Կարմիր գրքում՝ որպես անհետացման եզրին գտնվող տեսակներ։

Ինչպե՞ս են տուժում կենդանիները

Նավագնացության աճն ուղղակիորեն մեծացնում է կետերի և շարժվող նավերի բախման հավանականությունը։

«Հայտնվում են տեսանյութեր բեռնատար նավերից, որոնք անցնում են սապատավոր կետերի խիտ կուտակումների միջով»,- AFP գործակալությանը պատմել է Պրետորիայի համալսարանի հետազոտող Էլս Վերմյուլենը։ Ըստ նրա՝ կետերը հաճախ չեն գիտակցում վտանգը՝ շեղված լինելով սնունդ փնտրելով։ Մարդիկ սոցցանցերում հիացական գրառումներ են անում. «Վա՜յ, տեսեք՝ որքան շատ կետեր կան»։ Իմ սիրտը կանգ է առնում, քանի որ հասկանալի է, որ նրանք հենց նոր մի քանիսին հարվածեցին»։ Նա հավելել է, որ առավել մեծ վտանգ ներկայացնող արագընթաց երթևեկության ինտենսիվությունն աճել է չորս անգամ։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) Քրիս Ջոնսոնը պարզաբանում է, որ կետերը դեռ չեն սովորել հարմարվել նավերին։ «Դուք ենթադրում եք՝ եթե կենդանին բարձր աղմուկ է լսում, նա հեռանում է։ Բայց որոշ տեսակների դեպքում դա այդպես չէ»,- ասում է նա։ Օրինակ՝ կապույտ կետերը նավի մոտենալիս պարզապես մի փոքր ավելի խորն են սուզվում ջրի մակերևույթից, ինչը նրանց չի փրկում հարվածից։

Հնարավո՞ր է պաշտպանել կետերին

Հանձնաժողովին ներկայացված զեկույցում առաջարկվում են մի քանի լուծումներ.

Միջանցքների տեղաշարժ. նավագնացության ուղիների նույնիսկ չնչին տեղաշարժը ափից ավելի հեռու կարող է 20-50%-ով նվազեցնել բախումների ռիսկը որոշ տեսակների համար։

Արագության նվազեցում. նավերի դանդաղեցման ծրագրերը զգալիորեն նվազեցնում են մահացու ելքերի հավանականությունը և նվազեցնում ստորջրյա աղմուկը։

Ազդարարման համակարգեր. հետազոտողները փորձարկում են նավերին «գեր-խմբերի» (super-pods) ներկայության մասին ռադիոհաղորդագրությունների կամ հատուկ հավելվածների միջոցով զգուշացնելու հնարավորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *