ԵՄ երկրների մեծ մասը դատապարտել է ՌԴ-ի վերադարձը Վենետիկի բիենալե. Բրյուսելը կոչ է արել սառեցնել ֆինանսավորումը

ԵՄ անդամ 27 երկրներից 14-ը խիստ քննադատության են ենթարկել Վենետիկի բիենալեում ռուսական տաղավարի բացումը, ինչը թեժ վեճեր է առաջացրել Իտալիայում: Այս համապատկերում Բրյուսելը կոչ է արել կասեցնել միջոցառման ֆինանսավորումը:

Բրյուսելում Եվրոմիության երկրների մշակույթի նախարարների «թեժ քննարկման» ժամանակ մասնակիցների ճնշող մեծամասնությունը դատապարտել է ռուսական տաղավարի աշխատանքի վերսկսումը: Ինչպես Euronews-ին հայտնել են մի քանի դիվանագետներ, շատ նախարարներ պաշտպանել են նաև Եվրահանձնաժողովի որոշումը՝ սառեցնել Բիենալեի հիմնադրամին հատկացված 2 միլիոն եվրոյի դրամաշնորհը՝ Ռուսաստանի մասնակցությունը թույլ տալու համար:

Հարցը բարձրացրել է Լատվիայի մշակույթի նախարար Ագնեսե Լացեն, որը կոչ է արել թույլ չտալ այն, ինչն ինքն անվանել է «Ռուսաստանի կողմից մշակութային ինստիտուտների գործիքավորում»: Ըստ հանդիպման ներկաների՝ ընդհանուր առմամբ 14 նախարար դատապարտել է Ռուսաստանի ներկայությունը, սակայն ձեռնպահ են մնացել Իտալիայի հասցեին ուղղակի քննադատությունից (որին նախարար Ալեսանդրո Ջուլիի փոխարեն ներկայացնում էր դեսպան Մարկո Կանապարոն):

Մի շարք երկրների, այդ թվում՝ Բելգիայի, Իսպանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ մշակույթը չի կարող օգտագործվել «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը սպիտակեցնելու համար»: Նրանք միաժամանակ ընդգծել են ցուցահանդեսի հետ առնչություն ունեցող ռուսաստանցի անձանց՝ պատժամիջոցների շրջանցումը կանխելու կարևորությունը:

Եվրահանձնաժողովը և Կիպրոսը (որը ռոտացիոն սկզբունքով նախագահում է ԵՄ-ում) կոչ են արել կասեցնել ֆինանսավորումը և Բիենալեի գումարները վերաուղղորդել Ուկրաինայի վերականգնմանը:

Ապրիլին Եվրահանձնաժողովը սկսել է ֆինանսավորման կրճատման ընթացակարգ՝ ծանուցելով Բիենալեի ղեկավարությանը դրամաշնորհի տրամադրման պայմանների խախտման մասին: Եթե իրավիճակը չշտկվի, դա կարող է հանգեցնել վճարումների լիակատար չեղարկման:

Բիենալեի հիմնադրամն իր հերթին պնդում է, որ միջոցառումը պետք է մնա «երկխոսության, բացության և ստեղծագործական ազատության վայր», և հայտարարում է, որ չի կարող արգելել մի երկրի մասնակցությունը, որին պաշտոնապես ճանաչում է Իտալիայի Հանրապետությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *