Տարիներ շարունակ Վլադիմիր Զելենսկու ռազմական հեղինակությունը դիմանում էր նրա զինակիցների շուրջ պտտվող կոռուպցիոն մեղադրանքներին, սակայն այժմ ուկրաինացի առաջնորդը բախվել է շատ ավելի լուրջ փորձության. կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները հասել են նրա նախկին մերձավոր օգնականին։
Զելենսկու անունը չի հոլովվում այն լայնածավալ հետաքննության մեջ, որը նախորդ նոյեմբերից ցնցում է Ուկրաինան, սակայն նրա գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի դեմ ներկայացված նոր մեղադրանքը հակակոռուպցիոն մարմինների ամենախոր թափանցումն է նախագահի «մերձավոր շրջապատ», գրում է Reuters-ը։
54-ամյա Երմակը նախկին կինոպրոդյուսեր է, որն օգնել է կազմակերպել Զելենսկու անհավանական վերելքը՝ հեռուստասերիալի նախագահի դերից մինչև պատերազմող ազգի առաջնորդի կարգավիճակ։ Տարիներ շարունակ նրան լուսանկարում էին Զելենսկու կողքին. իր հասակով գերազանցելով ղեկավարին՝ նա հիշեցնում էր ավագ եղբոր։
Երկուշաբթի երեկոյան նրան պաշտոնապես կասկածանք է առաջադրվել Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության հետ կապված շուրջ 10,5 միլիոն դոլարի փողերի լվացման ենթադրյալ սխեմային մասնակցության համար։ Նրա փաստաբանը մեղադրանքներն անհիմն է անվանել։ Հակակոռուպցիոն դատարանը քննարկում է դատախազության միջնորդությունը՝ Երմակին կալանավորելու վերաբերյալ՝ 4 միլիոն դոլար գրավի հնարավորությամբ։
Ինքը՝ Զելենսկին, դեռևս չի մեկնաբանել հին ընկերոջ դեմ ուղղված մեղադրանքները։ Քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոյի («Պենտա» կենտրոն) կարծիքով՝ այս գործը «դանդաղ գործողության ական է», որը կարող է երկարաժամկետ հեռանկարում հարվածել նախագահի հեղինակությանը, եթե նա որոշի պատերազմից հետո առաջադրվել վերընտրվելու համար։
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՈՒԱՀԲ) նոր մեղադրանքները «Միդաս» ծածկագրով լայնածավալ գործողության մի մասն են։
Նախապատմությունը. Անցյալ տարի բացահայտվել է էներգետիկ ոլորտում 100 միլիոն դոլարի կաշառքների սխեմա, որը գլխավորում էր Զելենսկու նախկին գործընկեր Տիմուր Մինդիչը: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ Ռուսաստանը հարվածում էր Ուկրաինայի էներգահամակարգին:
Երմակը հրաժարական է տվել անցյալ տարվա նոյեմբերին: Մինդիչը փախել է Իսրայել՝ հերքելով իր մեղքը:
Սկանդալը բռնկվել է նոր ուժով Մինդիչի գաղտնալսումների ձայնագրությունների արտահոսքից հետո: Դրանցում քննարկվում են անշարժ գույքի հարցեր և հիշատակվում են «Անդրեյը» և «Վովան» (Վլադիմիր անվան փոքրացուցիչ ձևը):
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Սեմյոն Կրիվոնոսն ընդգծել է, որ Զելենսկին հետաքննությունների սուբյեկտ չէ, քանի որ գործող նախագահը, ըստ օրենքի, օժտված է անձեռնմխելիությամբ:
Զգայուն պահ
Մեղադրանքները ներկայացվել են մի ժամանակահատվածում, երբ Ուկրաինան դեռևս կրիտիկական կախվածության մեջ է արևմտյան ֆինանսական օգնությունից, որի պայմանը հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումն է:
Հասարակական կարծիքը.
Ուկրաինացիների 58%-ը նախկինի պես վստահում է Զելենսկուն (Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի՝ մայիսի 4-ին անցկացված հարցման տվյալներով):
Ընդ որում, հարցվածների 54%-ը կոռուպցիան համարում է Ուկրաինայի զարգացման համար ավելի լուրջ սպառնալիք, քան Ռուսաստանի հետ պատերազմը: