Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը:
Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք (Կամպանիա մարզ)։ Նա կնոջը առաջարկել էր ավելի մեծ տուն գտնել, որպեսզի այնտեղ ևս մեկ մարդ կարողանա բնակվել։
Քննության վարկածով՝ կինը սպասել է, մինչև ամուսինը կքնի ճաշից հետո, վերցրել է խոհանոցային դանակ և կտրել նրա առնանդամը։ Տեղ հասած պարամեդիկները օրգանը սառույցի վրա են դրել՝ ռեիմպլանտացիայի հույսով, սակայն հիվանդանոցում վիրաբույժները հայտարարել են, որ օրգանը վերականգնել հնարավոր չէ։
Այժմ սոցիալական ցանցերում և չատերում սկսել են տարածվել ցնցող կադրեր. մեկում պատկերված է հենց տղամարդը հիվանդանոցի մահճակալին, մյուսում՝ նրա առնանդամը՝ փակված թափանցիկ բժշկական տոպրակի մեջ։ Տուժածի փաստաբանները հայտարարել են, որ բողոք են ներկայացնելու՝ պարզելու համար, թե ով է արել այդ լուսանկարները և տեղադրել դրանք համացանցում։
«Տղամարդու ցնցող պատկերներն ու նրա պենիսի լուսանկարը բժշկական տոպրակի մեջ համացանցում շրջանառվում են իրական մեդիա աղմուկի ֆոնին», — հայտարարել են Անդժելո և Սերջիո Պիզանի փաստաբանները։ Նրանք ավելացրել են, որ արտահոսքի բնույթը վկայում է՝ նյութերը տարածվել են կամ հիվանդանոցի աշխատակիցների կողմից, կամ այն անձանց կողմից, որոնք բուժման ընթացքում անմիջական մուտք են ունեցել հիվանդի մոտ։
«Մարդկային և կլինիկական ողբերգությունը վերածվել է վիրուսային տեսարանի», — ընդգծել են իրավաբանները՝ նշելով, որ մեղավորները կենթարկվեն ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական պատասխանատվության, այդ թվում՝ հնարավոր պահանջներ կարող են ներկայացվել նաև հենց բուժհաստատության դեմ։
Միջադեպը տեղի է ունեցել այս ամիս։ Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, նրանք գտել են կնոջը, որը շոկային վիճակում շրջում էր տան մեջ՝ ենթադրաբար դեռևս արյունոտ դանակը ձեռքին։ Կինը ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով։