Իրանը վերականգնել է իր մուտքը Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ստորգետնյա հրթիռային բազաների մեծ մասի նկատմամբ

Իրանն օպերատիվ մուտքը վերականգնել է Հորմուզի նեղուցի երկայնքով տեղակայված 33 ստորգետնյա հրթիռային բազաներից 30-ի նկատմամբ, հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության վերջին տվյալներին ծանոթ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ այս տեղեկությունն ամենաշատն է անհանգստացնում բարձրրաստիճան պաշտոնյաներին, քանի որ այդ բազաներին մուտքի վերականգնումը կարող է սպառնալիք ներկայացնել Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ռազմական նավերի և նավթատարների համար։

Այս կապակցությամբ նրանք նաև նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրապարակային հռետորաբանությունը, թե իրանական բանակը կործանարար պարտություն է կրել, կտրուկ հակասում է նրան, ինչ ամերիկյան հատուկ ծառայությունները փակ դռների հետևում հայտնում են քաղաքական գործիչներին։

Ըստ բոլոր վերջին զեկույցների՝ Իրանը ընդհանուր առմամբ վերականգնել է մուտքը երկրի ողջ տարածքում իր հրթիռների և արձակման կայանքների ստորգետնյա պահեստների մոտ 90%-ի նկատմամբ և դեռևս ունի իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի և շարժական արձակման կայանքների մոտ 70%-ը, նշել են աղբյուրները։

Նրանք ընդգծել են, որ այդ զինանոցը ներառում է թե՛ բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են թիրախավորվել տարածաշրջանի այլ երկրների դեմ, և թե՛ ավելի փոքր քանակությամբ թևավոր հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել ցամաքային կամ ծովային թիրախների դեմ՝ ավելի կարճ հեռահարությամբ։

Նոր հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Թրամփը և նրա ռազմական խորհրդականները գերագնահատել են այն վնասը, որը ԱՄՆ զինված ուժերը կարող էին հասցնել Իրանի հրթիռային բազաներին։

Ստացված տվյալները վկայում են այն խնդրի մասին, որի առաջ Թրամփը կկանգնի, եթե մեկ ամիս առաջ կնքված հրադադարը խախտվի, ասել են թերթի աղբյուրները՝ ավելացնելով, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն սպառել են բազմաթիվ կենսական նշանակության զինամթերքների պաշարները, մինչդեռ Իրանը պահպանում է զգալի ռազմական ներուժ, այդ թվում՝ կենսական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցի շրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *