Ադրբեջանի հետ խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք և միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, խնամքի կարիք ունի․ Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են։ Ընդհուպ՝ Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցումը կամ նույն երկկողմ առևտուրը, որ արդեն կա, և որը, կարծում ենք՝ կզարգանա։ Ցավոք սրտի և հասկանալիորեն, բոլոր հարցերը չեն, գերիների հարցն այդ հարցերից ամենազգայունն է մեր հասարակության համար։ Այո, ցավոք սրտի, դեռ Բաքվում կան գերիներ, կան պահվող անձինք։ Մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն, և մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդվելու, ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով, անշուշտ սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է»,–ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Բաքվի գրասենյակի փակումը բարդացրել է իրավիճակն ու իրենք ջանքեր են գործադրում, բայց «դեռ նորություն չկա»։