ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը պետք է կա՛մ փոխզիջման գնա Վաշինգտոնի հետ, կա՛մ Միացյալ Նահանգներն «ավարտին կհասցնեն Իրանում սկսածը»։
«Նրանք կա՛մ կվարվեն այնպես, ինչպես ճիշտ է, կա՛մ մենք պարզապես վերջակետ կդնենք այս ամենին։ Կա՛մ կկնքենք գործարքը, կա՛մ նրանք կբնաջնջվեն։ Այսպես թե այնպես, մենք հաղթելու ենք», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նախագահն այս մասին խոսել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ նախքան Չինաստան պետական այցի մեկնելը։ Ամերիկյան առաջնորդը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք պատրաստ է հրաժարվել Իրանի հետ զինադադարից։ «Այդ մասին կմտածենք [դեպի Պեկին] թռիչքի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո», — ասել է նա։ Թրամփը կրկին ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը, ըստ որի՝ Իրանը նախապես համաձայնել էր հանձնառություն ստանձնել՝ միջուկային զենք չմշակելու վերաբերյալ, սակայն հետո հրաժարվել է դա թղթին հանձնել։ «Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Գիտեն դա և համաձայնել էին դրան։ Բայց հետո նրանք ինձ այդ մասին չհայտնեցին», — նշել է Թրամփը՝ հավելելով. «Մենք խաղեր չենք անում։ Նրանք միջուկային զենք չեն ունենալու»։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե Իրանի հարցով հատկապես ինչ է նախատեսում քննարկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ «Կարծում եմ՝ նախևառաջ մենք այս թեմայի շուրջ երկար զրույց կունենանք։ Անկեղծ ասած, նա (Սի Ծինփինը) բավականին ողջամիտ է գործում։ Եթե նայենք [ԱՄՆ ուժերի կողմից Իրանի նավահանգիստների] շրջափակմանը, ապա այստեղ որևէ խնդիր չկա։ Իսկ չէ՞ որ նրանք այդ տարածաշրջանից մեծ քանակությամբ նավթ են ստանում։ Մենք ևս որևէ խնդիր չենք ունեցել», – նշել է ամերիկյան առաջնորդը։
«Չեմ կարծում, թե Իրանի հարցում մեզ որևէ օգնություն է հարկավոր։ Մենք այսպես թե այնպես հաղթելու ենք՝ խաղաղ ճանապարհով, թե այլ կերպ», – հավելել է նախագահը։