Սա մի պարզ ճշմարտություն է. անկախ նրանից, թե ինչպիսին են մեր հայացքները մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ, մենք պետք է կարողանանք միավորվել բռնաբարությունները դատապարտելու հարցում։
Իսրայելի կողմնակիցները շեշտում էին սա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի գլխավորած հարձակման ժամանակ իսրայելցի կանանց դեմ իրականացված դաժան սեռական ոտնձգություններից հետո։ Դոնալդ Թրամփը, Ջո Բայդենը, Բենիամին Նեթանյահուն և բազմաթիվ ամերիկացի սենատորներ դատապարտեցին այդ բռնությունը, իսկ Նեթանյահուն արդարացիորեն կոչ արեց «բոլոր քաղաքակիրթ առաջնորդներին» «բարձրաձայնել» այդ մասին։
Այդուհանդերձ, պաղեստինցիները սրտառուչ հարցազրույցներում ինձ պատմել են իսրայելական համակարգված ու տարածված սեռական բռնությունների մասին, որոնք կիրառվել են տղամարդկանց, կանանց և նույնիսկ երեխաների նկատմամբ։ Ըստ Նիկոլաս Քրիստոֆի New York Times-ի հոդվածի՝ այդ բռնություններն իրականացվել են զինվորների, վերաբնակիչների, «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայության քննիչների և, ամենից հաճախ, բանտապահների կողմից։
Իսրայելի առաջնորդների կողմից բռնաբարությունների հրամաններ արձակելու վերաբերյալ ապացույցներ չկան։ Այդուհանդերձ, վերջին տարիներին նրանք ձևավորել են անվտանգության մի այնպիսի համակարգ, որտեղ սեքսուալ բնույթի բռնությունը դարձել է Իսրայելի «ստանդարտ գործառնական ընթացակարգերից» մեկը և «պաղեստինցիների նկատմամբ իրականացվող դաժան վերաբերմունքի առանցքային տարրը»։ Այս մասին նշված էր ՄԱԿ-ի անցյալ տարվա զեկույցում։ Իսկ նախորդ ամիս Euro-Med Human Rights Monitor կազմակերպության հրապարակած զեկույցի եզրակացության մեջ ասվում է, որ Իսրայելը կիրառում է «համակարգված սեքսուալ բռնություն», որը «լայնորեն գործադրվում է որպես պետական կազմակերպված քաղաքականության մաս»։
«Ստանդարտ ընթացակարգ»
Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը։ 46-ամյա անկախ լրագրող Սամի ալ-Սաին պատմում է, որ 2024 թվականին ձերբակալվելուց հետո, երբ իրեն տանում էին խուց, մի խումբ թիկնապահներ գետնին են տապալել իրեն։
«Բոլորը հարվածում էին ինձ, մեկն էլ ոտքով սեղմել էր գլուխս ու պարանոցս,- ասում է նա,- ինչ-որ մեկը ցած քաշեց տաբատս ու ներքնազգեստս»։ Այնուհետև պահակներից մեկը հանել է ռետինե մահակը. «Փորձում էին այն մտցնել հետանցքս։ Ես ամբողջ ուժով դիմադրում էի, որ թույլ չտամ, բայց չստացվեց։ Անտանելի ցավ էր»։ Պահակները ծաղրում էին նրան։ «Հետո լսեցի, թե ինչպես մեկն ասաց՝ «գազա՛րը տուր»,- հիշում է նա՝ հավելելով, որ դրանից հետո նրանք գազար են օգտագործել։ «Մահ էի աղերսում»։
Ալ-Սաին պնդում է, որ թեև պահակներն իրար արգելում էին լուսանկարել կատարվածը, ինքը լսել է տեսախցիկների ձայները։ Ըստ նրա պատմածի՝ կին պահակներից մեկը բռնել է իր սեռական օրգաններն ու սեղմել այնքան ժամանակ, մինչև ինքը ցավից ճչացել է։ Ավելի ուշ, արդեն խցում, նա հասկացել է, որ այն վայրը, որտեղ իրեն բռնաբարել են, նախկինում էլ է օգտագործվել այդ նպատակով. իր մաշկի վրա նա հայտնաբերել է ուրիշի փսխուքի հետքեր, արյուն և թափված ատամներ։
Ամերիկյան համակատարություն
Իմ ողջ կարիերայի ընթացքում ես լուսաբանել եմ պատերազմներ, ցեղասպանություններ և վայրագություններ։ Եթովպիայի Տիգրայ նահանգում տեղի ունեցած հակամարտության ժամանակ հնարավոր է շուրջ 100,000 կին է բռնաբարվել։ Զանգվածային բռնաբարություններ հիմա էլ են տեղի ունենում Սուդանում։ Սակայն մեր՝ ամերիկյան հարկատուների գումարներով սուբսիդավորվում է Իսրայելի անվտանգության համակարգը, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները մեղսակից է այս սեռական բռնություններին։
Որոշ տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր միայն Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելը ձերբակալել է 20,000 մարդու։ Ավելի քան 9,000 պաղեստինցի դեռևս պահվում է անազատության մեջ։ Նրանցից շատերին մեղադրանք չի առաջադրվել, իսկ 2023 թվականից սկսած՝ մեծամասնությանը զրկել են Կարմիր խաչի ներկայացուցիչների և փաստաբանների հետ տեսակցություններից։
«Euro-Med»-ի զեկույցում մեջբերվում է մի 42-ամյա կնոջ պատմություն, ով պատմել է, որ իրեն մերկ վիճակում շղթայել են մետաղյա սեղանին, և իսրայելցի զինվորները երկու օր շարունակ բռնաբարել են իրեն, մինչ ուրիշները նկարահանել են այդ ամենը։ Հետո նրան ցույց են տվել այդ կադրերը և սպառնացել հրապարակել դրանք, եթե նա չհամագործակցի հետախուզության հետ։
Ծավալները և լռության խոչընդոտները
Դժվար է որոշել, թե որքան տարածված են նման դեպքերը։ Իմ ռեպորտաժը հիմնված է 14 տղամարդկանց ու կանանց հետ զրույցների վրա։ Save the Children կազմակերպության անցկացրած՝ 12-ից 17 տարեկան այն երեխաների հարցումը, որոնք եղել են իսրայելական կալանքի տակ, ցույց է տվել, որ նրանցից ավելի քան կեսը ականատես կամ զոհ է եղել սեռական բռնությանը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հարցազրույց է անցկացրել ազատ արձակված 59 պաղեստինցի լրագրողների հետ. 3%-ը հայտնել է բռնաբարության մասին, 29%-ը՝ սեռական բռնության այլ ձևերի մասին։
Ինչու՞ են այս մասին լռում
Սպառնալիքներ. Իսրայելական իշխանություններն ազատ արձակվելիս զգուշացնում են բանտարկյալներին՝ լեզուն ատամների հետևում պահել։
Հասարակական նորմեր. Արաբական հասարակությունը խուսափում է այս թեմայից՝ ամոթի զգացումի պատճառով։ Զոհերը վախենում են, որ խոստովանությունը կարող է խանգարել իրենց քույրերին կամ դուստրերին ամուսնանալ։
Քաղաքական հեղինակություն. նման թեմաների քննարկումը կարող է հարվածել պաղեստինցի բանտարկյալ-մարտիկի հերոսական կերպարին։
Անպատժելիությունը որպես «կանաչ լույս»
Սարի Բաշին, իսրայելա-ամերիկացի իրավաբանը, պնդում է, որ իր կազմակերպությունը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ, սակայն դրանցից ոչ մեկով մեղադրանք չի առաջադրվել։
2024 թվականի հուլիսին շոկային դեպք է տեղի ունեցել. Գազայից մի պաղեստինցի է հոսպիտալացվել ուղիղ աղիքի պատռվածքով, կոտրված կողոսկրերով և վնասված թոքով: Բանտից ստացված տեսանյութը հաստատել է բռնության փաստը: Իշխանությունները ձերբակալել են ինը պահեստազորային զինվորի, սակայն Իսրայելի աջակողմյան ուժերը բուռն վրդովմունք են բարձրացրել: Ցուցարարների ամբոխը, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, ներխուժել են բանտ և աջակցություն հայտնել պահակներին: 2026 թվականի մարտին զինվորների վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, իսկ նախորդ ամիս ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել նրանց ծառայության վերադարձին: Նեթանյահուն այս մեղադրանքներն անվանել է «արյունոտ զրպարտություն»:
Սեռական բռնությունը որպես արտաքսման գործիք
Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի վերաբնակները սեռական բռնությունն օգտագործում են որպես պաղեստինցիներին իրենց հողերից վտարելու միջոց։ Տեղահանված պաղեստինցի ֆերմերների ընտանիքների ավելի քան 70%-ը որպես հեռանալու հիմնական պատճառ նշել է կանանց և երեխաների հասցեին հնչող սպառնալիքները։
Ֆերմեր Սուհայիբ Աբուալքեբաշը պատմել է, թե ինչպես է վերաբնակների մի խմբավորում ներխուժել իր տուն, ծեծի ենթարկել երեխաներին և գողացել ոչխարները։ Նրանք դանակով կտրել են ֆերմերի հագուստը և պլաստիկ կապիչով ամուր ձգել նրա սեռական օրգանները, ինչից հետո սկսել են քաշքշել այն։
Եզրակացություն
Իրականությունն այսպիսին է. երբ չկա պատժելիություն, մարդիկ ընդունակ են ստորագույն քայլեր կատարել նրանց հանդեպ, ում սովորել են «կիսամարդ» համարել։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը ձերբակալվածներին անվանել է «տականքներ» և «նացիստներ»։ Նման մթնոլորտում բռնությունը վերածվում է նվաստացման գործիքի։
Եթե Թրամփի վարչակազմը պնդեր վերականգնել Կարմիր խաչի այցելությունները, եթե ԱՄՆ դեսպանը տեսախցիկների առջև այցելեր բռնաբարության զոհերին, եթե մենք զենքի մատակարարումը պայմանավորեինք սեռական բռնությունների դադարեցմամբ, ապա կարող էինք հասկացնել, որ դա անընդունելի է։
Այն սարսափելի խոշտանգումները, որոնց ենթարկվեցին իսրայելցի կանայք հոկտեմբերի 7-ին, այժմ օրեցօր կրկնվում են պաղեստինցիների հետ։ Սա շարունակվում է ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների լռության ու անգործության պատճառով, ովքեր այդպես էլ չեն պատասպանել հենց Նեթանյահուի տված հարցին. «Այդ ո՞ւր էիք կորել, գրողը տանի»։