Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին


Սպորտ


«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի կայքում՝ տեղեկացնելով Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0-2) հետո ՈւԵՖԱ-ին բողոք ներկայացնելու մասին։ «Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել խաղի ընթացքի և վերջնարդյունքի վրա»,- նշված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։

Կատալոնացիների դժգոհությունը կապված է հանդիպման 54-րդ րոպեին տեղի ունեցած վիճահարույց դրվագի հետ, երբ «Ատլետիկոյի» խաղացող Մարկ Պուբիլը դարպասապահի կողմից գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տուգանային հրապարակում ձեռքով հպվել էր դրան: Ակումբում պնդում են, որ գլխավոր մրցավարը պարտավոր էր 11 մետրանոց հարված նշանակել։


Ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» պահանջել է հետաքննություն անցկացնել և ակնկալում է հասանելիություն ստանալ մրցավարների միջև խոսակցությունների (VAR-ի հետ հաղորդակցության) ձայնագրություններին՝ հորդորելով խիստ միջոցներ ձեռնարկել։

«Կարծում ենք՝ սա առաջին դեպքը չէ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկություններում, երբ մրցավարական անբացատրելի որոշումները բացասաբար են անդրադառնում մեր թիմի վրա և վկայում են երկակի ստանդարտների կիրառման մասին»,- ընդգծել են կատալոնական ակումբից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը սպասարկած ռումինացի գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը հենց այս կոպիտ սխալի պատճառով կարող է որակազրկվել ՈւԵՖԱ-ի կողմից և զրկվել եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում այլևս հանդիպումներ սպասարկելու իրավունքից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *