«Ոլորտի զարգացումը սկսվում է կրթությունից»․ Հայկ Ալոյան (լուսանկար)

«Ոլորտի զարգացումը սկսվում է կրթությունից»․ Հայկ Ալոյան

Բուհ-գործատու համագործակցությունը նոր հիմքերի վրա․ սա ուսանողներին ու ապագա աշխատողներին հնարավորություն է տալիս բուհն ավարտելուց հետո աշխատաշուկայում խնդիրներ չունենալ կամ քիչ ունենալ։ Տիգրան Պողոսյանը 29 տարեկան է, ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի երկրաբանության բաժնի չորրորդ կուրսի ուսանող։ Սովորելուն զուգահեռ աշխատել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունում։ Պատմում է․ «Լիդիան Արմենիայում աշխատանքն ինձ մեծ փորձ է տվել, ես փաստացի կարողացա համալսարանում ստացած իմ գիտելիքները կիրառել արդեն պրակտիկայում։ Աշխատել ենք երկու շաբաթ գրաֆիկով տարածքում, և երկու շաբաթ սովորել եմ։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել եմ միջազգային մասնագետների հետ և պատիվ եմ ունեցել կիսելու նրանց փորձը․ իրենք իրականում բազմաթիվ ուղղություններում զարգացած մարդիկ են»։

Ֆակուլտետի ու «Լիդիան Արմենիա»-ի համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Սա հնարավորություն է ինչպես բուհի և ուսանողների, այնպես էլ ընկերության համար։ Մի դեպքում ուսանողները սովորելու ընթացքում ծանոթանում են նաև հանքարդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի կազմակերպմանը, ընկերությունն էլ փնտրում ու գտնում է լավագույն երիտասարդ կադրերին։

«Լիդիան Արմենիա»-ում աշխատելը Տիգրանի ու ընկերների մոտ նաև հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ունեցած միֆերն է ցրել։ Պատմում է՝
     «Ոլորտը հարուստ է նաև կարծրատիպերով, բայց դրանց չպետք է հավատալ։ Վստահեցնում եմ ձեզ, որ մեր ոլորտում, մեր նեղ ոլորտում մարդիկ շատ բարեսիրտ են, իրար աջակցում են ու ճանաչում միմյանց։ Իրականում փոքր ոլորտ է։ Երիտասարդ մասնագետներին խորհուրդ եմ տալիս ընտրել այս մասնագիտությունը, քանի որ այն իրոք կարևոր դեր ունի։ Գիտե՞ք ինչու, որովհետև դու գիտես, որ քո մասնագիտությամբ ինչ-որ մի բան ես անում ամբողջ աշխարհի համար։ Հանքարդյունաբերությունն իրոք կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ, դա, ես կարծում եմ, որ այն նաև մեր տնտսության ռազմավարական ուղղություններից մեկն է»։

ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի լավագույն երկրաբան ուսանողները ներկայացնում էին իրենց ավարտական աշխատանքները։ «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն, «Պետրոս Ալոյան» ֆոնդի նախագահ Հայկ Ալոյանն ընդգծում է՝ տարեցտարի ուսանողների գիտելիքների որակը բարձրանում է։ Հայկ Ալոյանը նշում է, որ վերջին երեք տարվա ընթացքում ոլորտի համարյա բոլոր ընկերությունները ներդրում ունեն այս ֆակուլտետում։ Գիտակցում են՝ ոլորտի զարգացումը սկսվում է կրթությունից։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներդրումներ է իրականացնում ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետում։ Դասընթացներ ենք կազմակերպում, ֆինանսավորում ենք ֆակուլտետը՝ փորձելով զարգացման նոր շունչ տալ ֆակուլտետին։ Այն սկսել է հատկապես զարգանալ վերջին երեք-չորս տարիներին»,- ասում է Հայկ Ալոյանը։

Երկրաբանական ընտանիքում մեծացած Հայկ Ալոյանը կարևորում է բուհի հետ համագործակցությունը։ Նշում է՝ փորձում է հնարավորինս աջակցել և՛ ուսանողներին, և՛ ֆակուլտետին։ Հիշեցնում է «Պետրոս Ալոյան» հիմնադրամի մասին, որը դրամական մրցանակներ է տրամադրում լավագույն ուսանողներին`մասնագիտական կրթության տարբեր փուլերում։

Վիլեն Ղազարյանը ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի ուսանող է։ Հանքարդյունաբերական ձեռնարկություններով հայտնի Կապանից է։ Ասում է՝ համագործակցությունը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ հնարավորություն տվեց ոչ միայն զարգացնել գիտելիքները, այլ նաև դրանք օգտագործել աշխատանքում՝ այս դեպքում ընկերությունում։ 2025 թվականի սեպտեմբերից Վիլենը և՛ աշխատում է ընկերությունում, և՛ սովորում է։

ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն ընդգծում է՝ հատկապես վերջին տարիներին «Լիդիան Արմենիա»-ի հետ սկսել են սերտ համագործակցությունը։ Նախ ուսանողները պրակտիկա էին անցնում, ապա շփվում միջազգային մասնագետների հետ։ Սա օգնում է նաև ավելի հեշտ կազմակերպել «Երկրաբանություն» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը։

«Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի աջակցությամբ ոլորտի լավագույն միջազգային մասնագետները ծանոթանում են ֆակուլտետի աշխատանքներին, նշում «Երկրաբանություն» կրթական ծրագրի ուժեղ ու թույլ կողմերը։

Համագործակցության կարևորագույն բաղադրիչ է նաև լավագույն ուսանողների ավարտական մագիստրոսական թեզերի համար «Պետրոս Ալոյան» հիմնադրամից տրամադրվող մրցանակները։ Սա շարունակական բնույթ է կրում․ արդեն երրորդ տարին է, որ անցկացվում է այս միջոցառումը։

«Դա լրացուցիչ մոտիվացիա է ուսանողների համար, որպեսզի ավելի լավ պատրաստվեն և լավագույնս ներկայացնեն իրենց ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը։ Մենք այսօր ականատես եղանք դրանց։ Կատարված աշխատանքներն ավելի բովանդակային էին։ Մի քանի ուսանող որպես երկրաբան արդեն աշխատում է «Լիդիան Արմենիա» ընկերությունում»,- իր խոսքում նշեց Սարգիս Քելյանը։

Այս պահին էլ 6 ուսանող 15/15-ի ժամանակացույցով աշխատում են ընկերությունում։ Քելյանն ընդգծում է՝ երկրաբանություն մասնագիտությունն ունի մի շարք առանձնահատկություններ։ Սա այն մասնագիտություններից է, որտեղ լավագույնը դառնալու համար դաշտային աշխատանքներին մասնակցելը կարևոր է։ Բացի այդ, ոլորտում աշխատավարձը նույնպես մրցակցային է։ Այստեղ ուսանողները նաև վարձավճարի դժվարություն չունեն։ Մասնավոր հատվածի գործընկերներն այս հարցն էլ են լուծում։ Տարեցտարի բուհում ավելանում է նաև երկրաբան դառնալու ցանկություն ունեցողների թիվը։ Այս պահին 15 տեղի համար 20 դիմորդ կա։ Տենդենցի շարունակվելու դեպքում պետք է դիմենք ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի սահմանված տեղերն ավելացվեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *