Հայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանը


Աշխարհ


«Ռենովաբիս» Գերմանիայի կաթոլիկների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ, Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի է ունեցել «Armenien. Zwischen Ankommen und Aufbruch» (Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև) խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Միջոցառմանը Հայաստանից մասնակցել է նաև աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայի Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Բերնդ Հյութեմանը։ Պանելային քննարկումը վարել է Բեռլինում «Ռենովաբիս»-ի ներկայացուցչության ղեկավար Ռենատե Կրեկելեր-Կոխը։

Ինչպես հայտնում են դեսպանությունից, քննարկվել են Ղարաբաղից տեղահանված հայերի Հայաստանում ինտեգրման, Հայաստանի եվրոպական հեռանկարի, հասարակության դիմադրողականության բարձրացման և տարածաշրջանային խաղաղության թեմաները։
Դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանված հայերին ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը և ինտեգրման գործընթացը, շնորհակալություն հայտնել Եվրոպական Միությանը և Գերմանիային աջակցության համար և կոչ արել մեկտեղել և ավելացնել ջանքերը Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր հայերին աջակցելու ուղղությամբ։

Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ներկայացրել է Խաղաղության խաչմերուկ ծրագիրը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացը։
Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, լրագրողներ, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *