ՀՀ ԿԲ-ն Էկոնոմիկայի նախարարության և ՀԲ-ի հետ քննարկում է փոքր բիզնեսի վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի/ԱՌԿԱ/    Հայաստանի Կենտրոնական բանկը Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերների հետ համատեղ քննարկում է հատուկ երաշխիքային հիմնադրամի միջոցով փոքր և միջին բիզնեսին մասնակի երաշխիքների տրամադրման մեխանիզմը։ Այս մասին «ՓՄՁ ոլորտ.  ազդեցություն ու զարգացման մարտահրավերներ» խորագրով համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ բանկային ֆինանսավորման համար դիմելիս փոքր և միջին բիզնեսի հիմնական խնդիրներից մեկը գրավի ապահովվածության պակասն է։

«Շատերը բիզնեսը սկսում են առանց սեփական միջոցների ներդրման, և հենց այդ պատճառով բանկերը պահանջում են գրավի ապահովվածության հարցի լուծում։ Շատ ընկերությունների համար սա դառնում է անհաղթահարելի խոչընդոտ»,- ասել է Գալստյանը։

ԿԲ նախագահը նշել է, որ քննարկվող մասնակի երաշխիքների մեխանիզմը կարող է մեղմել այս խնդիրը։

«Եթե ընկերությունը չունի գրավ, բայց ցանկանում է օգտվել վարկից, ապա որոշակի վճարի դիմաց կարող է դառնալ այս հիմնադրամի մասնակից»,- պարզաբանել է նա։

Միաժամանակ Գալստյանը ընդգծել է, որ նախագիծը դեռևս գտնվում է միայն քննարկման փուլում։

«Գործարկման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի ծրագիրը լինի արդյունավետ։ Առայժմ որևէ հարցի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն չկա»,- նշել է ԿԲ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *