Մենք երկու հայցով բողոքարկել ենք նախ ոստիկանության համապատասխան բաժանմունքի որոշումը՝ տեղեկանք չտրամադրելու վերաբերյալ, և երկրորդը ԿԸՀ-ի որոշումը, որովհետև ես շուրջ երկու տարի է՝ համաձայն գործող ընտրական օրենսգրքի 80 հոդվածի, ուսումնառություն եմ անցնում արտասահմանյան բուհում, որը ըստ օրենքի համարվում է հարգելի բացակայություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԸՀ–ն մերժեց գրանցել իր թեկնածությունը, քանի որ բացակայում էր վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու տեղեկանքը։
Նշենք, որ տևական ժամանակ Ուրիխանյանը Հայաստանում չի գտնվում։
«Այսինքն մենք հիմա դատական պրոցեսի մեջ ենք, տեսնենք ինչ տեղի կունենա։ Մենք մեր քարոզարշավն իրականացնում ենք, և եթե նկատում եք հիմնականում ես էլ հենց իրականացնում եմ։ Քավաքներին, հանդիպումներին, գործողություններին ես մասնակցում եմ օնլայն, ցավոք սրտի։
Մեզ համար անձամբ, այս ընտրությունները մեկ նշանակություն ունեն՝ հնարավորինս շատ մոբիլիզացնել արմատական դիրքորոշում ունեցող ընդդիմադիր քաղաքացիների քվե, որովհետև, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի չունենալ, որովհետև գործակալական խմբակի կողմից նախապատրաստական ամեն բան արվել է ընտրությունները կեղծելու համար։ Արդեն իսկ կեղծվում են դրանք վարչական ռեսուրսի գործածությամբ, տոտալ ճնշումներով, մարդկանց վրա ազդեցությամբ՝ նախապես նախապատրաստելով ֆեյք կոլերային նախընտրական համակարգը։ Ես նկատի ունեմ ընտրություններին մասնակիցների ահռելի թվաքանակը։ Բնականաբար նաև քվեարկության ու հաշվարկի պրոցեսների ժամանակ գիտեք ինչ է տեղի ունենալու։
Հետևաբար իմ ակնկալիքն այն է, որ ընդդիմադիր ուժերը շատ ավելի շատ նախ կմոբիլիզացնեն էլեկտորալ պոտենցիալը և երկրորդը՝ կհանեն այն փողոց։ Իմ համոզմունքն է, որ իշխանափոխություն տեղի կունենա զանգվածային ճնշման և ազդեցության արդյունքում։ Մեր դերակատարումը դրանում ծայրահեղ արմատական դիրքորոշում ունեցող մարդկանց մոբիլիզացիան է»,–ասաց նա՝ հավելելով, որ իրենք կողմնակից են արմատական քայլերի՝ «դատել նրանց, որոնք բերեցին սրանց, նստացնել իրար հետ հարևան խցերում, դուրս գալ կոնվենցիայից, վերականգնել մահապատիժը, ենթարկել մահապատժի, բռնագանձել ամեն ինչ, ինչ ունեն»։
Հարցին՝ ո՞վ է «Ալյանս» կուսակցության վարչապետի թեկնածուն, Ուրիխանյանը պատասխանեց. «Դրան միանշանակ պատասխանել հնարավոր չէ։ Մենք ի տարբերություն մնացած համարյա բոլոր մասնակից ուժերի, չենք զառանցում և ամբիցիաներով չենք տառապում։ Ի՞նչ վարչապետի թեկնածու, մենք չունենք նման խնդիր։ Առնվազն երկու տարի շուրջ 150 տեսանյութով ես հայտնել եմ այն մասին, որ որևէ հավակնություն չունեմ։ Մեր առջև դրված չի խորհրդարան անցնելու, պաշտոններ զբաղեցնելու, կառավարման մաս դառնալու խնդիր, մեր առջև դրված է Նիկոլական խունտայի, ինչպես նրա ծնողների՝ Սերժ Սարգսյանի, արքայազն Միքայել Մինասյանի պատասխանատվության ու խիստ պատժի օրվան հասնելու խնդիր։
Այսինքն Նիկոլին պետք է իշխանությունից վռնդել և ենթարկել օրինական, արդար, բայց չափազանց խիստ պատժի։ Սրա համար ենք մենք մասնակցում, խոսում, գործողություն անում, մարդ հավաքում, հիմա էլեկտորալ պոտենցիալ աճեցնում։
Մեր վարչապետի թեկնածուն նա է, ով Նիկոլին իր քաղաքական ծնողների հետ միասին կնստացնի խցում և կսպասեցնի հանրաքվեի փոփոխությամբ վրա հասնող մահապատժին»։