ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները ճանաչել են էներգիայի պահպանման համակարգերի ռազմավարական կարևորությունը դաշինքի էներգետիկ անցման համար: Ներկայում ԵՄ-ն արտադրում է էկոլոգիապես մաքուր էներգիայի զգալի ծավալներ, որոնք կորչում են համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով:
Կիպրոսում անցկացված պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ էներգետիկայի նախարարները քննարկել են դաշինքի աճող կախվածությունը չինական արտադրության պահպանման համակարգերից: Խնդիրը սրվում է նրանով, որ քամու և արևային էներգետիկայի թռիչքաձև ընդլայնումը շարունակում է առաջ անցնել այդ էներգիայի կուտակման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումից:
Եվրոմիությունը գերազանց արդյունքներ է ցուցադրում «կանաչ» էներգիայի արտադրության մեջ, սակայն ավելցուկների պահպանման հզորությունների պակասը մտավախություններ է առաջացնում ցանցերի գերբեռնվածության, դրանց անկայունության և էլեկտրաէներգիայի գների տատանողականության վերաբերյալ դաշինքի բոլոր երկրներում:
Եվրոպայի ներկայիս վիճակը հարցականի տակ է դնում «կանաչ» ինքնավարության ձեռքբերումը, որը վերածվում է նոր արտաքին կախվածության: Դա հատկապես տագնապալի է ռուսական գազի կորստից հետո առաջացած շոկից և Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով ստեղծված քաոսից հետո. Հորմուզի նեղուցում խափանումների մեկնարկից ի վեր ԵՄ երկրների բյուջեները կրել են 35 միլիարդ եվրոյի լրացուցիչ ծախսեր:
Wood Mackenzie հետազոտական ընկերության տվյալներով՝ չինական ընկերություններն այժմ վերահսկում են էներգիայի պահպանման համակարգերի (BESS) եվրոպական շուկայի գերակշիռ մասը՝ զբաղեցնելով ավելի քան 80% կենցաղային կուտակիչների սեգմենտում և գրեթե 88% լիթիում-իոնային մարտկոցների ներմուծման ոլորտում:
Կիպրոսի նախագահությամբ անցկացված քննարկումների ընթացքում նախարարները խոստովանել են լիթիում-իոնային մարտկոցների գերիշխանությունը, սակայն հավանություն են տվել «պահպանման բազմազան տեխնոլոգիաների» կիրառմանը: Ըստ այն փաստաթղթի, որին ծանոթացել է Euronews-ը, ԵՄ մի շարք երկրներ աջակցել են հիդրոկուտակիչ էլեկտրակայաններին (ՀԿԷԿ) և ջերմային էներգիայի պահպանման լուծումներին՝ որպես ոչ պակաս կարևոր այլընտրանքներ:
«Էլեկտրաէներգիայի պահպանման հզորությունների ավելացումը էներգահամակարգի կայունության ապահովման կարևորագույն գործիք է: Դա մեզ տալիս է ճկունություն, որը կապված չէ հանածո վառելիքի հետ, ինչն անհրաժեշտ է բոլոր եվրոպացիների համար էներգիայի գների նվազեցման և կայունացման համար»,- լրագրողներին հայտարարել է Կիպրոսի էներգետիկայի նախարար Միխայել Դամիանոսը: