«Այսօրվա մեկ սխալ քայլը կարող է մեր երկիրն ու ժողովրդին դատապարտել ծանրագույն աղետի, որից վերադարձ չի լինի»։ Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հզոր Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա տնային կալանքի տակ է և չի կարող հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։
Սամվել Կարապետյանը գործող իշխանությունն անվանել է «թույլ և անկարող»՝ ընդգծելով, որ վարչապետը մանիպուլյացիայի է ենթարկում պատմական անվանումները՝ արդարացնելու համար տարածքների հանձնումը։
Նա նշել է, որ Արցախի կորստից և Գեղարքունիքում թշնամու առաջխաղացումից հետո իշխանությունը կարող է հայտարարել «հինգերորդ հանրապետության» ստեղծման մասին՝ շարունակելով խաբել քաղաքացիներին խաղաղության խոստումներով և բարեկարգման փոքր նախագծերով։
Կարապետյանն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունն իրավունք չունի տնօրինել ժողովրդի ապագան, և քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին անցկացվելիք ընտրություններին՝ հայաթափման վտանգավոր գործընթացները կանգնեցնելու և պետականությունը փրկելու համար։