ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կդառնա այս հանգստյան օրերին Վաշինգտոնի Ազգային ծառուղում անցկացվելիք կրոնական հանրահավաքի առանցքային մասնակիցը: Միջոցառումը կազմակերպել է մասնավոր հիմնադրամը՝ Սպիտակ տան հետ համագործակցությամբ, սակայն բանախոսների կազմն արդեն իսկ արժանացել է փորձագետների քննադատությանը, ովքեր նրանցից ոմանց բնութագրում են որպես քրիստոնյա նացիոնալիստներ կամ ծայրահեղականներ, գրում է The Guardian-ը:
«Վերաօծում 250» (Rededicate 250) խորագրով միջոցառումը ներկայացվում է որպես ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարության կրոնական բաղադրիչ: Հայտարարված հռետորների թվում են.
Դետրոյթից ոմն քահանա, որը Դեմոկրատական կուսակցության հարթակն անվանել է «դևային» և թողարկել սեփական մեմ-կրիպտոարժույթը Թրամփի երկրորդ երդմնակալության ժամանակ աղոթելուց հետո:
Ոմն ռաբբի, որը պաշտպանել է խոշտանգումների կիրառումը և գրել է «Ատելության առաքինությունը» վերնագրով էսսե:
Քրիստոնյա գրող և ռադիոհաղորդավար, որը 2020 թվականին հայտարարում էր «պայքարում մեռնելու» պատրաստակամության մասին, միայն թե թույլ չտա Ջո Բայդենի մուտքը Սպիտակ տուն, իսկ ավելի ուշ դարձավ զրպարտության մասին հայցի կողմ՝ ընտրությունների կեղծման վերաբերյալ հայտարարությունների պատճառով:
Պատվավոր հյուրերի ցուցակում նշված են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը:
Դիտորդները մատնանշում են մասնակիցների ծայրահեղ յուրահատուկ կազմը. ծրագրում ներկայացված չեն ո՛չ մահմեդականներ, ո՛չ ավանդական «սևամորթների» եկեղեցիների ներկայացուցիչներ, ո՛չ բնիկ ժողովուրդների առաջնորդներ և ո՛չ էլ հիմնական բողոքական դավանանքների ներկայացուցիչներ: