Politico․ Ռյուտեի նախաձեռնությունը՝ Ուկրաինային ուղղել ՀՆԱ-ի 0,25%-ը, դիմադրության է արժանացել ՆԱՏՕ-ի ներսում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինային աջակցելու համար հատկացնել ՀՆԱ-ի 0,25%-ը՝ փորձելով մեղմել Կիևին օգնության հարցով դաշինքի ներսում աճող տարաձայնությունները, գրում է Politico-ն։

Այս նախաձեռնությունը, որը կարող է բացել տասնյակ միլիարդավոր դոլարների լրացուցիչ օգնության ճանապարհը, արդեն դիմադրության է հանդիպում ՆԱՏՕ-ի մի շարք խոշոր երկրների կողմից։ Դաշինքի դիվանագետների տվյալներով՝ Ռյուտեն գաղափարը ներկայացրել է անցած ամսվա վերջին ՆԱՏՕ-ի դեսպանների փակ հանդիպմանը՝ Թուրքիայում հուլիսյան գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակում։

Դիվանագետներից մեկի խոսքով՝ առաջարկի նպատակն է Ուկրաինային աջակցությունը դարձնել ավելի կայուն և կանխատեսելի։ Դաշնակիցների հավանության դեպքում Ուկրաինային տարեկան օգնությունը կարող է աճել մինչև մոտ 143 միլիարդ դոլար՝ ելնելով ՆԱՏՕ-ի երկրների համախառն ՀՆԱ-ից։ Համեմատության համար՝ անցյալ տարի Ուկրաինան ստացել է մոտ 45 միլիարդ դոլարի ռազմական օգնություն և պաշտպանությանը առնչվող ծախսեր։

Ռյուտեն նման մեխանիզմ է առաջարկել նաև դաշինքի ներսում դժգոհության պատճառով․ որոշ երկրներ զգալիորեն ավելի ծանր ֆինանսական բեռ են կրում, քան մյուսները։ Ուկրաինային առավել ակտիվ աջակցում են Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների, Նիդեռլանդների և Լեհաստանի երկրները։ Հարավային Եվրոպայի պետությունները, վերլուծաբանների գնահատմամբ, զգալիորեն ավելի փոքր ներդրում են կատարում։

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ավելի վաղ նույնպես նշել էր, որ բեռը անհավասար է բաշխված, իսկ այն երկրները, որոնք մյուսներից ավելի շատ են օգնում Կիևին, այս հարցը պարբերաբար բարձրացնում են։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը «անկայուն» է։

Սակայն Ռյուտեի առաջարկը արդեն իսկ սկեպսիս է առաջացրել, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից, և ներկայիս տեսքով, ինչպես նշում են դիվանագետները, դժվար թե ընդունվի։ ՆԱՏՕ-ի մակարդակով ցանկացած որոշում պահանջում է դաշինքի բոլոր անդամների համաձայնությունը։

Լրացուցիչ բարդություն է ստեղծում այն փաստը, որ ԵՄ որոշ երկրներ ցանկանում են իրենց ներդրումները՝ Ուկրաինային արդեն հաստատված 90 միլիարդ եվրոյի վարկում, հաշվի առնել օգնության նոր պարտավորությունների հաշվարկման ժամանակ։

Սպասվում է, որ նախաձեռնության քննարկումը կշարունակվի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Շվեդիայում։ Իսկ Անկարայում կայանալիք գագաթնաժողովը պետք է ցույց տա դաշինքի երկարաժամկետ աջակցությունը Ուկրաինային՝ ներառյալ ֆինանսավորումը, զենքի մատակարարումները և քաղաքական երաշխիքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *