Ադրբեջանում Մոսկվայի հետ հակամարտության ժամանակ ձերբակալված ևս երկու ռուսաստանցի է 3 տարվա ազատազրկման դատապարտվել

Բաքվի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Զաբոլոտսկիխին և Իլնուր Վալիտովին՝ նրանց մեղավոր ճանաչելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ, հայտնում է APA գործակալությունը։ Նրանք (և ևս ինը այլ անձինք) ձերբակալվել են 2025 թվականի ամռանը՝ Մոսկվայի և Բաքվի միջև ծագած հակամարտության ֆոնին։ Լարվածությունն սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին Չեչնիայի երկնքում ՀՕՊ համակարգի կողմից խոցված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումից հետո։ Դատարանն ապացուցված է համարել, որ Զաբոլոտսկիխն ու Վալիտովը փորձել են օրինականացնել կիբերհանցագործությունների միջոցով ստացված 98 հազար մանաթը (մոտ 4,2 միլիոն ռուբլի)։

Բաքվում ՌԴ քաղաքացիների ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի նկատմամբ ռուս ուժայինների իրականացրած հատուկ գործողություններից կարճ ժամանակ անց։ Այդ գործողությունների ընթացքում սփյուռքի երկու ներկայացուցիչ է զոհվել։ Լրագրողները պարզել են, որ ձերբակալվածների մեծ մասը պատահական վերաբնակներ, ծրագրավորողներ և զբոսաշրջիկներ են, որոնք միմյանց չեն ճանաչել։ Օրինակ՝ Զաբոլոտսկիխը Իժևսկից ՏՏ ձեռնարկատեր է, ով մշակել է բիզնեսի խթանման ClickChat ծառայությունը։ Այդուհանդերձ, Ադրբեջանը ռուսաստանցիներին մեղադրել է հանցախումբ ստեղծելու, թմրանյութերի մաքսանենգության և կիբերխարդախության մեջ։ Ձերբակալության ժամանակ նրանք ծեծի են ենթարկվել և հենց այդ վիճակում տեղափոխվել դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։ Այդ ժամանակից ի վեր նրանք գտնվում են կալանքի տակ։

2025 թվականի աշնանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպման ժամանակ վերջինս ներողություն էր խնդրել խոցված ինքնաթիռի համար, ինչից հետո երկրների միջև առկա լարվածությունը սկսել է նվազել։ Այդուհանդերձ, Ռուսաստանի քաղաքացիներն այդպես էլ ազատ չեն արձակվել, թեև ԱԳՆ-ն բազմիցս ներկայացրել էր նմանատաիպ պահանջներ։

Առաջինը դատապարտվել է վեբ-կայքերի մշակող Ալեքսանդր Վայսերոն. ապրիլի 22-ին նա դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ 727 հազար մանաթի (շուրջ 32 մլն ռուբլի) օրինականացման մեղադրանքով։ Նրա մայրը պնդել է, որ որդին 2025 թվականի հունիսին Եկատերինբուրգից Բաքու է մեկնել որպես զբոսաշրջիկ։ Նմանատիպ տեղեկություն է հայտնել նաև նրա հարսնացուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *