Հայաստանում հունիսի 6-ին կայանալիք պատանի երաժիշտների «Եվրատեսիլ – 2026» դասական երաժշտության 22-րդ մրցույթի անցկացման համար առաջարկվում է հատկացնել 665 մլն դրամ։ Այս մասին մայիսի 14-ին Կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման արդյունքներով ընդունվել։
Նախարարը նշել է, որ հունիսի 6-ի ամսաթիվը պատահական չի ընտրվել։ Հենց այդ օրն է ծնվել աշխարհահռչակ հայ խորհրդային կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Միջոցառումը կանցկացվի Հայաստանի Սպենդիարյանի անվան ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում, որն այս տարի նշում է իր 100-ամյակը։
Անդրեասյանը տեղեկացրել է, որ միջոցառումները կանցկացվեն ոչ միայն շենքի ներսում, այլև դրսում, մասնավորապես տանիքի հատվածներում, որտեղ կներկայացվեն բալետային և այլ բեմադրություններ։
Մրցույթին կմասնակցեն 11 երկրներ։ Հայաստանի ներկայացուցիչը կլինի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ «Սա կապահովի մեր երկրի ավելի մեծ ճանաչելիությունը», – եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։