Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով կոկաինի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, մայիսի 11-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Երևանի Վշտունու նրբանցքում ձերբակալել են 31-ամյա մի երիտասարդի և նրա հորը: Կասկածյալները, իրենց պատկանող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել է էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվել է կոկաին տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվել է էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։
31-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: