ԵՄ քաղաքական գործիչները Թրամփի հետ հարաբերություններում սկսել են կիրառել նրա իսկ մարտավարությունը․ NYT

Եվրամիության առաջնորդները, բախվելով Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության հետևանքներին, ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում սկսել են կիրառել նրա իսկ մարտավարությունը։ Այդ կարծիքը ներկայացվել է The New York Times (NYT) թերթի վերլուծական հոդվածում։

«Եվրոպան կիրառում է Թրամփի մարտավարությունը. ոչ մի ներողություն։ Եվրոպացի առաջնորդները, բախվելով Իրանում ԱՄՆ-ի պատերազմի հետևանքներին, հրապարակավ քննադատում էին նախագահին, իսկ երբ նա բարկանում էր, նրանք չէին հրաժարվում իրենց հայտարարություններից», – գրում է պարբերականը։

Պարբերականը հիշեցրել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում էին քննադատել Թրամփին, երբ վերջինս զայրույթով էր արձագանքում Իրանի հետ հակամարտության հարցում ԱՄՆ-ին օգնելու նրանց մերժմանը։ Մասնավորապես, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, թե «մինչև կոկորդը կուշտ է» Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ նախագահի գործադրած ճնշումներից։ Իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «հանգիստ» էր ընդունել Գերմանիայից ամերիկյան զորքերի մի մասը դուրս բերելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունները։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին էլ քննադատել էր Թրամփին՝ Հռոմի Պապ Լևոն XIV-ի հասցեին նրա արտահայտությունների համար։ NYT-ն ընդգծում է, որ եվրոպացի նշված առաջնորդներից և ոչ մեկը ներողություն չի խնդրել ԱՄՆ նախագահից իր հայտարարությունների համար և չի շեղվել որդեգրած քաղաքական կուրսից։

Պարբերականն ընդգծում է, որ եվրոպական առաջնորդների նման վարքագիծը կրկնօրինակում է հենց Թրամփի «սիրելի հնարքներից մեկը», քանի որ վերջինս իր քաղաքական բրենդը ստեղծել և պահպանում է նաև «չնահանջելու» սկզբունքի շնորհիվ։ Հոդվածում նաև հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահը երբեք ներողություն չի խնդրել իր արած հայտարարությունների կամ քայլերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *