Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման խաղաղ ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների ֆոնին Միացյալ Նահանգները Իսրայելին հայտնել է, որ թույլ չի տա անկլավում ռազմական գործողություններ վերսկսել։ Այս մասին ամերիկյան աղբյուրներին հղումով հայտնել է Axios պորտալը։
Ինչպես նշում է պորտալը, ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում իսրայելցի պաշտոնյաները հնչեցրել են պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման դիրքերի վրա հարձակումը վերսկսելու հնարավորությունը։ Ի պատասխան նման նախաձեռնությունների՝ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ ստեղծված հակասությունների լուծման պարագայում մարտական գործողությունների վերսկսումը համարում են հակաարդյունավետ և անթույլատրելի միջոց։
Հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում 19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը, որը ստեղծվել է Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։ Վաշինգտոնից հայտնել են, որ կազմակերպությանն արդեն միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ձևավորվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գազայի կառավարումն իրականացնելու համար, սակայն նախատեսվում է, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ ու կարգավորմամբ։ Այս պահին Գազայի հարցով կարգավորման գործընթացի իրականացումը ձգձգվում է միայն ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումների զինաթափման պատճառով։