Արդյո՞ք Վաշինգտոնում նախընտրել են Սամվել Կարապետյանին

Հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, եւ, փառք Բարձրյալին, նախորդ՝ 2021-ի, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ այժմ արմատապես տարբեր իրադրություն է։ Ներկաներ-նախկիններ, Փաշինյան-Քոչարյան արատավոր փակ շրջանը վերջապես հաղթահարվեց։ Այժմ Փաշինյան մերժելն ինքնաբերաբար չի նշանակում Քոչարյան ընտրել, որքան էլ Փաշինյանը եւ ՔՊ-ն դա երազեն եւ իրականությունը խեղաթյուրելով՝ հասարակությանը նման վարկած մատուցեն։

Մինչեւ Սամվել Կարապետյանի՝ անձնապես ասպարեզում երեւալը եւ խոսելը՝ ասուլիսներում եւ կարճ տեսանյութերում, ՔՊ-ի այդ հուսահատ քարոզը կարող էր մտածելու տեղիք տալ։ Ամենքս էլ գիտակցում ենք, որ ՔՊ-ի հաղթաթուղթն ընտրություններում ոչ թե սեփական ծառայությունները կամ ձեռքբերումներն են, այլ Քոչարյանի վերադարձը կանխելը։ Քիչ է մնացել ՔՊ-ից ասեն՝ չլիներ Քոչարյանի վերադարձի ուրվականը, ՔՊ-ն չէր կառչի իշխանությունից։ Քոչարյանն էլ իր հերթին է հավատացնում՝ թե չլիներ Հայաստանը եւ հայությանը Փաշինյանից փրկելու հրամայականը, ինքը վերստին չէր ձգտի իշխանության։ Սակայն որքան էլ երկուսն էլ՝ Փաշինյանն էլ, Քոչարյանն էլ, մահու չափ հոգնեցրել են ամենքին եւ գրեթե համատարած մերժվում են (2021-ին Փաշինյանին եւ իր ՔՊ-ին չէր ընտրել Հայաստանում ընտրական իրավունք ունեցողների գրեթե 80 %-ը, Քոչարյանի դաշինքին՝ 90 %-ը), այդ տանդեմը մնում էր ասպարեզում, որովհետեւ մնացյալ ուժերի թվից ֆավորիտ չէր հայտնվում։

Սակայն վերջին մեկ-երկու շաբաթում Սամվել Կարապետյանի՝ անձնապես հասարակությանը ներկայանալուց եւ արտահայտվելուց հետո, թող ներվի ասել՝ միայն մտավոր հետամնացը կհավատա, թե Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնը ոչ թե անձամբ կստանձնի, այլ կփոխանցի Ռոբերտ Քոչարյանին (դեռ մի կողմ թողած, որ Քոչարյանն իր առաջնորդած դաշինքով դեռ պետք է 8 %-ի շեմ հաղթահարի, ինչն ամենեւին երաշխավորված չէ):

Գալով Փաշինյանի անուժ փաստարկին, թե իբր ՀՀ սահմանադրությամբ վարչապետի թեկնածուից (ինչպես ԱԺ պատգամավորից) պահանջվում են վերջին մի քանի տարվա միայն ՀՀ քաղաքացիություն, մշտական բնակություն Հայաստանում, չգիտես էլ ինչ, Փաշինյանը եթե ողջ կյանքում, տգիտությունից դրդված, միայն հրեաների Tanakh-ից սաղմոսներ կիսատ-պռատ անգիր արած չլիներ, այլ մի երկու անգամ էլ գոնե քրիստոնյաների Սուրբ Գիրքը՝ Նոր Կտակարանը բացած լիներ, կիմանար Հիսուսի բառերը․ «Շաբաթը մարդուն համար եղաւ, ո´չ թե մարդը շաբաթին համար»։

ՀՀ սահմանադրությունը ոչ մի արգելք չի ստեղծում խորհրդարանական քվեարկությամբ վարչապետին ներկայացվող պահանջները փոխելու եւ Սամվել Կարապետյանին ընտրելու։ Փաշինյանը մոռացե՞լ է, թե ինչպես էր ժամանակին հայտարարում, թե իբր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձամբ իրեն ցույց է տվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիության չեղարկման գրությունը։ Դա՝ այն դեպքում, երբ Փաշինյանը ո՛չ կարող է անգլերեն Declaration of Renunciation բառերը գրել կամ թեկուզ կարդալ, ո՛չ հասկացողություն ունի, թե դա ինչ փաստաթուղթ է, ո՛չ էլ կարող է նման փաստաթղթի վավերականություն կամ բովանդակություն ընկալել։ Արմեն Սարգսյանը երբեք բրիտանական քաղաքացիությունից չէր հրաժարվել եւ երկքաղաքացի լինելով, մինչ այդ մի 30 տարի էլ առհասարակ Հայաստանում չապրելով՝ Փաշինյանի գիտությամբ եւ վարչապետության օրոք 4 տարի պաշտոնավարում էր որպես ՀՀ նախագահ։

Չլինի՞, թե Փաշինյանին թվում է, որ իրեն եւ Արմեն Սարգսյանին կարելի է իրականություն կեղծել ու կոծկել, սահմանադրություն շրջանցել ու ոտնահարել, հետո «Գողն ամենաբարձրն է բղավում՝ բռնեցեք գողին» ոգով սահմանադրությունից ու օրինականությունից ճամարտակել։ Ընդսմին, Սամվել Կարապետյանը որեւէ փաստ չի էլ խեղաթյուրում կամ թաքցնում։ Իրենք փետրվարից ի վեր ասում են, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածն են սահմանադրական օրենքով փոխելու։ Այսինքն՝ վարվելու են ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն՝ 2020-ին, երբ վերջիններս ԱԺ քվեարկությամբ սահմանադրության հոդված փոխեցին՝ ՍԴ անցանկալի անդամներին հեռացնելու եւ իրենց ցանկալի անձանց ՍԴ կազմում ընտրելու համար։ Խոտորնակին՝ խոտորնակ։ Այդ ո՞ր տրամաբանությամբ Փաշինյանը կարող է սահմանադրության հոդված փոխել, Կարապետյանը չի կարող։

Այնպես որ, իրավական առումով Սամվել Կարապետյանին ոչինչ չի խոչընդոտում՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու։ Իսկ այդ մարդու խոսքին եւ կերպարին նայելով՝ նա երբեք ոչ մի Քոչարյանի չի զիջի պաշտոն, որտեղ անհամեմատ հաջող եւ խոստումնալից կարող է պաշտոնավարել ինքը։

Արդյո՞ք Վաշինգտոնն օժանդակում է

Առհասարակ, ոչ միայն Սամվել Կարապետյանն է ակնհայտորեն վստահ իր կառավարելու կարողությանը, այլեւ մնացյալ աշխարհում էլ կարծես հաշվարկում են Փաշինյանի հեռացումը եւ Կարապետյանի՝ իշխանության գալը։ Ենթադրում եմ՝ առաջին հերթին Վաշինգտոնում է դա արվում։ Ի վերջո, Կարապետյանի ընտանիքի շփումներն ամերիկյան լրագրողների, փաստաբանների եւ այլոց հետ դժվար թե կուլիսներում Թրամփի վարչակազմի հետ կոնտակտներ հաստատելու կողմնակի հաշվարկ եւ նպատակ չեն ունեցել։ Ո՞վ կհավատա, թե Հայաստանում այնպիսի արդարադատություն է գործում, որ ընդամենը «մեր ձեւով կպայքարենք» հայտարարության համար կալանավորված մարդուն հանկարծ ընտրություններին ընդառաջ, ինքնաբուխ կալանավայրից ազատում են, տնային կալանք են տալիս, հետո կուսակցության հիմնադրման հետ են ատամները կրճտացնելով համակերպվում, հետո հանրային խոսքի արգելք են հանում։ Նման տեղաշարժերը կարող էին կատարվել միայն Փաշինյանին ապտակելու եւ ճնշելու արդյունքում։ Իսկ Փաշինյանին ըստ հարկի ապտակել եւ ճնշել կարող են Վաշինգտոնից։

Գաղտնիք չէ, որ եթե մեկը Թրամփին ներկայացներ, որ Սամվել Կարապետյանն 90-ականների ռուսաստանյան ամենաթողության ու հանցագործության միջավայրում վերապրած եւ անշարժ գույքի շուկայում տեսանելի դիրքի հասած անձ է, որը զրոյից նույնպիսի ֆինանսական կարողություն է ստեղծել, ինչ Թրամփը՝ ինքը, այսքան ու այնքան նվիրատվություններ է արել աշխարհում առաջին քրիստոնեական երկրին, Թրամփի համակրանքը Կարապետյանի հանդեպ կերաշխավորվեր։ Իսկ քանի՜ հոգի կարող էին այդքանն անել՝ Tucker Carlson-ից մինչեւ Սպիտակ տան պաշտոնյաներ։ Եթե հետո էլ շարունակեին, որ Հայաստանում 2018-ից իշխանություն ղեկին գտնվող մի պլեբեյ, որին Դուք տեսել եք, բայց անուն-ազգանունը չեք էլ մտապահում, որը քրիստոնեական երկրի տարածք, մարդկանց ու կրոնական-մշակութային ժառանգություն չի կարողացել պաշտպանել եւ թողել է մի վայրագ մահմեդական զանգվածի, այդ Սամվել Կարապետյանին մի քանի բառի համար ամիսներով կալանավայրում է պահում, ապա ավելի քան հավանական է, որ թեկուզ միայն դասակարգային համերաշխությունից ելնելով (ինչը Թրամփի համակրությունների ու հակակրությունների անկյունաքարն է), ԱՄՆ նախագահը հանձնարարեր խնդիրը լուծել։

Վերջապես, Թրամփը սիրում է շփվել մարդկանց հետ, ում արժեք է վերագրում, եւ առանց սեթեւեթելու գրողի ծոցն է ուղարկում նրանց, ում արհամարհում է էության, ծագման, կենսագրության կամ մի այլ պատճառով։ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի հանդեպ վերաբերմունքը (երբ Բուքինգեմյան պալատին հատուկ խնդրել էր, որ պաշտոնական ճաշկերույթին Սադիկ Խանը չհրավիրվի)՝ ասվածի վառ օրինակ։ Սամվել Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հակադրությունում Կարապետյանն ամեն նախադրյալ ունի Թրամփի համակրանքը շահելու՝ կենսագրությունից մինչեւ պահվածք ու խոսքի լակոնիզմ։

Մինչդեռ Փաշինյանը չունի թեկուզ մի որակ, որը նրան փրկեր Թրամփի արհամարհանքից եւ խորշանքից։ Փաշինյանն ամեն ինչով Թրամփի, նրա նախընտրությունների, արժեքային համակարգի անտիպոդն է՝ մինչեւ ուղնուծուծը ընչազուրկ պլեբեյ, գետնախորշի էության կրող ու այդ մակարդակից չբարձրացած, մարդկային վայելուչ պահվածքի եւ շփման անընդունակ, հետն էլ՝ անդաստիարակ, թերուս ու գետնաքարշ մի արարած, որի հետ շփվելը Թրամփը ու ոչ միայն Թրամփը մարդկային արժանապատվությունից ցածր կհամարեն։

Դրա համար էլ Թրամփը գեթ մեկ անգամ Փաշինյանի անունը կամ ազգանունը հիշողությամբ չի արտասանել։ Ապրիլի 24-ին էլ իր ուղերձով հրապարակավ ապտակեց։ Մինչդեռ այն տեղաշարժերում, որ տեղի են ունենում աշխարհում եւ հատկապես Մերձավոր Արեւելքում, Վաշինգտոնին հարկավոր է Հայաստանում ոչ թե արհամարհանքի, այլ հարգանքի արժանի մեկը, ում հետ կարելի է խոսել, պայմանավորվել, համագործակցել։ Այդ անհրաժեշտությունը զգալիորեն բացատրում է, թե ինչու է Սամվել Կարապետյանն այսօր կալանավայրից դուրս, իր տանը, ակտիվ ընտրարշավում՝ հակառակ տան տարածքը չթողնելուն։

Կարապետյանի ակնհայտ արժանիքը

Այն, ինչը Սամվել Կարապետյանին կալանավայրից հանեց, դարձրեց կուսակցության հիմնադիր, այժմ՝ խորհրդարանական ընտրարշավի ֆավորիտ ու կենտրոնական ֆիգուր եւ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ՝ ՀՀ վարչապետ, նրա մտածելու կարողությունն է։ Ինչը էլ ավելի հազվադեպ երեւույթ է՝ անկաշկանդ մտածելու կարողությունը։ Այդ մարդն ինչ հարցի էլ պատասխանի, ինչ էլ ասի՝ զգացվում է, որ բառային կաղապար, մտապատճեն չի թութակում, այլ մտածում է։ Եվ անկաշկանդ է մտածում։ Ասենք, լրագրողի հարցին, թե իշխանություն ստանձնելու դեպքում ինչ վերաբերմունք կունենաք ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նկատմամբ, Կարապետյանի պատասխանը եղավ, թե օրենքը կմնա ուժի մեջ, կգործի, բայց երգել-պարելուց այն կողմ, իր կարծիքով, օբյեկտիվ անվտանգային խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է ունենալ քայլեր անելուց առաջ։ Էլի ինչ-որ բան ասաց, բայց ի վերջո ամփոփեց, որ եթե եվրոպական ինտեգրումը մեր երկիրը ներքաշի այնպիսի աղետների մեջ, ինչպիսիք վիճակվեցին Ուկրաինային, Վրաստանին, ինքը ձեռնպահ կմնա եվրաինտեգրման ուղղությամբ քայլերից, եւ, ընդհակառակը՝ եթե երեւա, որ այդ ինտեգրումը Հայաստանին բերելու է բարիքներ, ապա կքայլենք այդ ուղղությամբ, եւ ոչինչ, այդ թվում՝ Ռուսաստանի արձագանքը, մեզ ետ չի կանգնեցնի։

Կարող էր, չէ՞, անիմաստ ֆրազներ շաղ տալ, ստերեոտիպներ թութակել, թե Ռուսաստանի հետ 200-ամյա առնչությունն ի՜նչ նշանակություն ունի 4500-ամյա Հայաստանի ու հայության համար, առանց հյուսիսից ծագող արեւի Հայաստան չի լինի, կամ էլ վերջին հայտնագործություն-կարգախոսը՝ Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց շատ վատ թշնամի է՝ զգուշացեք։ Կամ, ընդհակառակը՝ ինչպես է Ռուսաստանից հեռանալը դարձել ժամանակի հրամայական, որին պետք է հետեւել… Սակայն ոչ՝ անձը լակոնիկ եւ հստակ ասում է այն, ինչը խնդրի էությունն է, ինչպես մտածում է, եւ ինչպես էլ սպասելի է, որ կգործի։ Մտածողության, խոսքի ու գործի այդ լակոնիզմն ու անկաշկանդությունն էլ վստահություն են ներշնչում Սամվել Կարապետյանի հանդեպ՝ բերելով աջակիցներ՝ ՀՀ առաջին նախագահից մինչեւ քաղաքացիներ եւ անդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *