Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Pinaka հրթիռների և հրետանային զինամթերքի արտադրության տեղայնացումը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում Հնդկաստանի հետ պաշտպանական գործընկերությունն է՛լ ավելի խորացնելու ուղղությամբ՝ դիտարկելով «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 155 մմ տրամաչափի հրետանային արկերի արտադրական գծեր հիմնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) պարբերականը՝ ընդգծելով, որ խոսքը պարզ գնումներից դեպի երկարաժամկետ արդյունաբերական համագործակցության անցնելու մասին է։

Ըստ IDRW-ի աղբյուրների՝ քննարկվում է հնդկական պաշտպանական ընկերությունների կողմից Հայաստանում արտադրական ենթակառուցվածքներ ստեղծելու հարցը։ Սա նպատակ ունի ձևավորել ռազմական մատակարարումների հուսալի շղթա և նվազեցնել արտաքին մատակարարներից ունեցած կախվածությունը (հատկապես ճգնաժամային իրավիճակներում)։

Նշվում է նաև, որ այս զարգացումները հաջորդել են Հայաստանի՝ «Pinaka» համակարգերի առաջին միջազգային պատվիրատուն դառնալու որոշմանը։ 2022 թվականին Երևանը շուրջ 2000 կրոր ռուփիի (մոտ 265 միլիոն դոլար) արժողությամբ պայմանագիր է կնքել չորս «Pinaka» մարտկոցների ձեռքբերման համար, որոնք ներառում են համակարգի ստանդարտ (Mk-I), արդիականացված և ավելի կատարելագործված տարբերակները։

2024 թվականի վերջին հրթիռային համակարգերի մատակարարման ավարտից հետո, արդեն 2026-ի սկզբին ներդրվել են «Pinaka» կառավարվող հրթիռները, ինչը զգալի առաջընթաց է եղել Հայաստանի հրետանային կարողությունների համար։ Ընդգծվում է, որ մինչև 75 կիլոմետր հեռահարություն ունեցող կառավարվող տարբերակը համալրված է նավիգացիոն և ուղղորդման համակարգերով, ինչը թույլ է տալիս էապես բարձրացնել կարևոր թիրախներին հարվածելու ճշգրտությունը։

IDRW-ի գնահատմամբ՝ սա հայկական հրետանին մոտեցնում է այնպիսի արդիական և գերճշգրիտ համակարգերի, ինչպիսին է M142 HIMARS-ը, որի արդյունավետությունն ակնառու է դարձել վերջին շրջանի հակամարտությունների ժամանակ։

Հրապարակման համաձայն՝ արտադրության տեղայնացման հարցում Հայաստանի հետաքրքրվածությունն արտացոլում է ավելի լայն ռազմավարական մոտեցում, որը թելադրված է անվտանգային ներկա իրավիճակով։ Հրթիռների և 155 մմ տրամաչափի հրետանային արկերի սեփական արտադրական գծերի ստեղծումը պետք է կայուն մարտունակություն ապահովի երկարատև ռազմական գործողությունների և մատակարարման հնարավոր ընդհատումների պայմաններում։

Հնդկաստանի համար սա նույնպես դիտվում է որպես պաշտպանական արտադրանքի արտահանման ռազմավարության մեջ ձեռբերված կարևոր իրադարձություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *