«Այն դպրոցները, որոնց հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք և որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն: Ես ասել եմ, որ դիմում գրեն, եթե չեմ սխալվում 4 դպրոցի տնօրեն, որտեղից աշակերտ է ներկա եղել: Իրենք դիմում են գրել, համարել են, որ ինչ-որ խնդիր կա, այդ դիմումների մասով կլինի ծառայողական քննություն»,- Աջափնյակում քարոզարշավի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Ապարանում աշխատանքային ժամին ուսուցիչների՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու փաստին:
Ըստ Փաշինյանի՝ չպետք է նաև ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ, որ կառավարությունն արգելի՝ քաղաքական գործընթացներին մասնակցեն ուսուցիչները։ Ասաց, որ ինքը վարչական ռեսուրսի կիրառմանը դեմ է։ Նաև կարծիք հայտնեց, որ ուսուցիչներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքական գործընթացներին: Հարցը պետք է լինի հետևյալը՝ դա վարչական ռեսուրսի կիրառմա՞մբ է, թե՞ ոչ: