«Բոլորին դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գործող քաղաքական համակարգի պայմաններում իշխանափոխությունն ինքնին բավարար չէ, և անհրաժեշտ է փոխել ընտրական ու քաղաքական «խաղի կանոնները»։
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, գործող համակարգի պայմաններում ընդդիմությունն աշխատելու է նույն կերպ, ինչպես վերջին տարիներին։
«Սուպեր վարչապետ լինի, իր հրամանով լիճը լցվի, սահմանը հետ գա, սահմանը առաջ չգնա՝ ինչ էլ լինի, ընդդիմությունն աշխատելու է նույն ձևով, ինչպես աշխատել է վերջին հինգ տարիներին։ Մենք առաջարկում ենք փոխել համակարգը, խաղի կանոնները փոխել, շանս տալ փոքր ուժերին ևս մասնակցել, վերացնել կայուն մեծամասնության և երկրորդ փուլի գաղափարը»,- ասաց նա։
Գևորգյանը նշեց, որ իրենց առաջարկներից մեկն էլ «բոլորին դեմ» քվեաթերթիկի վերադարձն է, որը, նրա խոսքով, նախկինում եղել է, սակայն հետագայում հանվել է։
«Այսօր, երբ խորհրդարանում իրար ծնող ու ամեն ինչ են հայհոյում, մենք չենք կարող ասել՝ մենք ձեզ բոլորիդ դեմ ենք։ Մեզ թողնում են տանը մնալ։ Իսկ երբ մարդիկ տանն են մնում, շահում են նրանք, ովքեր ունեն վարչական ռեսուրս կամ մեծ ֆինանսական միջոցներ»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով փոքր քաղաքական ուժերի մասնակցության վերաբերյալ քննադատություններին՝ Գևորգյանն ասաց, որ «ձայների փոշիացման» մասին խոսակցությունները հենց գործող կանոնների հետևանք են։
«Եթե շեմը մեկ տոկոս լիներ, 2021-ին տասից ավելի ուժ կլիներ խորհրդարանում։ Մենք միակն ենք, որ գաղափարական առումով չենք հավակնում ուրիշների ընտրողներին։ Մենք դիմում ենք այն մարդկանց, որոնք բոլորին դեմ են և ընդհանրապես ընտրության չէին գնալու»,- ասաց նա։
Նա վստահեցրեց, որ իրենց թիրախը հենց այն քաղաքացիներն են, որոնք հիասթափված են քաղաքական ուժերից։
«Մենք հույս ունենք հասնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բոլորին դեմ են, և վստահ ենք՝ նրանք անցողիկ շեմից մի քանի անգամ ավելի շատ են»,- նշեց նա։
Գևորգյանի խոսքով՝ իրենց նպատակներից մեկն այն է, որ որևէ քաղաքական ուժ չստանա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն։
Մեր նպատակներից մեկն այն է, որ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում չստանա բացարձակ մեծամասնություն
«Եթե մի ուժ հատեց 50 տոկոսից ավելին, նորից ստանալու ենք թագավորություն՝ դատավորների վրա զանգերով ճնշումներ, սրբազանների կալանք, իսկ հանցագործներին ազատության մեջ թողնելու իրավիճակ։ Կապ չունի՝ ով կլինի իշխանության»,- ասաց նա։
Արձագանքելով այն քննադատություններին, թե իրենց նախաձեռնությունն «անլրջացնում է» ընտրական գործընթացը, Գևորգյանը հակադարձեց, որ հենց ավանդական քաղաքական խոստումներն են դարձել անարդյունավետ։
«Եթե Շուշի վերադարձնելու խոստում տալը, միայն «ՔՊ-ին հեռացնելու» օրակարգով գալը լուրջ է, ապա թող այդպես համարեն։ Բայց մենք ստեղծել ենք հնարավորություն, որ մարդիկ փաթեթով մերժեն բոլոր քաղաքական ուժերին՝ խաղաղություն խոստացողից մինչև Նախիջևան վերադարձնելու խոստում տվողներին»,- նշեց նա։
Նա նաև հավելեց, որ իրենց նախաձեռնությունն արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում և շարունակելու է աշխատանքը քաղաքացիների հետ։
«Մենք սպասում ենք ազատության ձգտող հայերին, և կարծում ենք՝ նրանք հարյուր հազարավոր են»,- եզրափակեց Գևորգյանը։