ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն, իսկ Թեհրանի «ռազմական ոչնչացումը» համարել է իր վարչակազմի ձեռքբերումը։
Ամերիկացի առաջնորդի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության համաձայն, Միացյալ Նահանգները «Թրամփի վարչակազմի իշխանավարման 16 տպավորիչ ամիսների» ընթացքում աշխարհին ցուցադրել է «անհավանական վերելք»։
Իր վարչակազմի ձեռքբերումների շարքում նա նշել է «ռազմական հաղթանակը և բարգավաճող հարաբերությունները Վենեսուելայում, Իրանի ռազմական ոչնչացումը»։
«Շարունակությունը կլինի՛», – հայտարարել է նա՝ Իրանի վերաբերյալ։
«Նախագահ Սին շնորհավորել է ինձ այսքան կարճ ժամանակահատվածում նման նշանակալի հաջողությունների համար», – հայտնել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ երկու տարի առաջ՝ նախագահ Ջո Բայդենի օրոք, ԱՄՆ-ն «անկում ապրող երկիր» էր։
«Այդ հարցում ես լիովին համաձայն եմ նախագահ Սի Ցզինպինի հետ։ Բայց հիմա Միացյալ Նահանգները աշխարհի ամենագրավիչ երկիրն է, և հուսով եմ, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն առավել ամուր և ավելի լավ, քան երբևէ նախկինում», – եզրափակել է Թրամփը։