ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը քաղաքական ուժերի համար գովազդի սահմանափակումներ նախատեսված չեն։
Նրա խոսքով՝ սահմանափակումները գործում են միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո։ Հովակիմյանը նաև նշել է, որ ցանկալի է, որպեսզի քաղաքական ուժերը նախընտրական փուլից առաջ ևս ակտիվ լինեն և գովազդ տեղադրեն լրատվամիջոցներում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։
Անդրադառնալով նախընտրական ծախսերի սահմանաչափին՝ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական ուժերը կարող են քարոզարշավի նպատակով ծախսել մինչև 800 միլիոն դրամ։
Նա պարզաբանել է, որ այդ ծախսերը կարող են ուղղվել տարբեր նպատակների՝ ներառյալ գովազդի տեղադրումը, շտաբների վարձակալությունը, միջոցառումների կազմակերպումը և քարոզչական նյութերի տպագրությունը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների։