24news.am-ի հիմնադիրտնօրեն Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է լրատվամիջոցի YouTube-յան ալիքի փակման ու դրա պատճառների մասին։
Նա տեղեկացրել է, որ ալիքի փակման մասին ծանուցում է ստացել երեկ՝ չնայած դրա համար առնվազն 3 անգամ պետք է խախտած լինես YouTube-ի խիստ կանոնները։
«24 News-ը, ունենալով գրեթե 330 հազար բաժանորդ, որևէ խախտում, խնդիր չուներ, ընդհակառակը, ամսական ապահովում էր մոտ 9-14 միլիոն դիտում, ու հենց այդպես միանգամից անջատելը, բնականաբար, շատ տարօրինակ էր։ Այս պահին բանակցությունների փուլում ենք, բայց վստահ չեմ, որ այդ բանակցություններով կունենանք դրական արդյունք»,- ասել է նա։
Գալստյանի խոսքով՝ մասնագետներն իրենց զգուշացրել էին, որ ընտրական շրջանում ամենայն հավանականությամբ իշխանությունները փորձելու են իրականացնել «մոլդովական սցենարի լրատվամիջոցյան հատվածը»։
«Ի՞նչ է դա ենթադրում, դա ենթադրում է առաջատար լրատվամիջոցների հասանելիության, սեփական հեռուստադիտողի հետ շփվելու հասանելիությունը հնարավորինս սահմանափակում՝ YouTube անջատելով, Facebook-ի, Meta-ի էջերը անջատելով։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ իրենք ունեն հնարավորություն»,-նշել է լրատվամիջոցի ղեկավարը։
Գալստյանը վստահ է՝ սա իրականացվել է Երևանի պատվերով և այդ գործընթացը շարունակական է լինելու։
«Վստահ եմ, որ այս ամեն ինչը կապ ունի ընտրությունների հետ, ես վստահ եմ, որ այն անոնսավորված հիբրիդային հարձակում կամ պատերազմ կոչեցյալն է, որի մասին խոսում էին մեր իշխանությունները։ Դա հատուկ անոնսվել էր, որպեսզի դրանով հետագայում ում ուզեն և ինչ ուզեն՝ անեն»,- ասել է նա։
24 News-ի ղեկավարը նշել է, որ լրատվամիջոցը շարունակելու է գործունեությունն այլ հարթակներով։