Ապրիլի 6-ին՝ ժամը 23․23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվեց հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։
Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2․37-ին, պատվեր ստանալով՝ 33․295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20 հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։
Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16․34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը, և վարկածը հաստատվեց։
Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։
Ապրիլի 8-ի առավոտյան ժամը 8-ին Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։
Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։