Գիտնականները բացահայտել են աբստրակտ արվեստի գաղտնի մաթեմատիկական օրենքները

Մաթեմատիկոսները հայտնաբերել են թաքնված օրինաչափություն, որը, ինչպես պարզվել է, միավորում է աբստրակտ արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նշանավոր նկարիչների կտավներն ունեն հատուկ երկրաչափական կառուցվածք, որը կարելի է նկարագրել տոպոլոգիայի՝ մաթեմատիկայի այն բաժնի միջոցով, որն ուսումնասիրում է ձևն ու տարածական կապերը։ Աշխատությունը հրապարակվել է PLOS Computational Biology ամսագրում։

Գիտնականները վերլուծել են Վասիլի Կանդինսկու և Փիթ Մոնդրիանի գործերը, ապա դրանք համեմատել արհեստական բանականության ստեղծած պատկերների հետ։

Պարզվել է, որ նկարիչներն ինտուիտիվ կերպով ձևերն ու գունային հատվածները դասավորել են այնպես, որ դրանց միջև առաջացել է բարդության և կարգավորվածության նուրբ հավասարակշռություն։

Հենց այս թաքնված կառուցվածքը, հեղինակների կարծիքով, կարող է բացատրել, թե ինչու են որոշ նկարներ հատկապես ուժեղ գեղագիտական տպավորություն գործում։

Վերլուծության համար հետազոտողները կիրառել են պերսիստենտ հոմոլոգիայի մեթոդը՝ մաթեմատիկական գործիք, որը հնարավորություն է տալիս բացահայտել պատկերների խորքային օրինաչափությունները։

Պարզվել է, որ արվեստի իրական գործերն ունեն կրկնվող տոպոլոգիական «ստորագրություն», մինչդեռ նեյրոցանցերի ստեղծած պատկերների մեծ մասը նման կառուցվածք չունի։

Հեղինակների կարծիքով՝ հայտնաբերված օրինաչափությունը կարող է արտացոլել տեսողական ներդաշնակության հիմնարար սկզբունքներից մեկը։ Այն չի համընկնում դասական ոսկե հատման հետ՝ դրա սովորական ընկալմամբ, բայց մատնանշում է ավելի խորքային մաթեմատիկական հավասարակշռություն, որը մեծ արվեստագետները, հնարավոր է, ինտուիտիվ կերպով զգացել են։

Եթե արդյունքները հաստատվեն հետագա հետազոտություններով, բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ գեղարվեստական ընկալման բնույթը և կարող է օգտագործվել արհեստական բանականության ավելի արտահայտիչ համակարգեր ստեղծելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *