Ամուլսարը դեռ չի շահագործվում, բայց արդեն Գնել Սանոսյանին 56 մլն է տվել

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կրկին հայտնվել է իշխանության հետ սերտ կապ ունեցող շրջանակների վերահսկողության ներքո։ ՀՀ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը 2025 թվականին նշանակվել է տնօրենների խորհրդի անդամ և կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում։

Դրանից հետո նրա եկամուտները հետաքրքիր կերպով աճել են։

Ուշագրավ է, որ 2026 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանն ընկերությունից մեկ տարվա ընթացքում ստացել է 56 միլիոն դրամ աշխատավարձ։ Հայտարարագրում ներառված են նաև տասնյակ միլիոնների նվիրատվություններ՝ դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով։

Հայտարարագրած միլիոններից զատ, կասկածելի է նաև այն, որ Սանոսյանը չունի ոչ մի շարժական գույք (ավտոմեքենա) և ոչ մի արժեթուղթ։

Հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանի դրամական միջոցները կազմել են՝ ՀՀ դրամ՝ 29 300 000, ռուսական ռուբլի՝ 3 300 000, եվրո՝ 12 300 և ԱՄՆ դոլար՝ 22 400։ «Արժեթուղթ և այլ ներդրում» բաժնում նշված է՝ «Տվյալներ չկան»:

Անշարժ գույքի բաժնում նշված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 123 քմ մակերեսով բնակարան, որի նկատմամբ նա հանդիսանում է համասեփականատեր։

Բացի աշխատավարձից, Սանոսյանը ստացել է դրամական մեծ նվիրատվություններ մերձավորներից: Փաստացի՝ նախկին նախարարի, իսկ այժմ՝ պետական բաժնեմասով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամի ֆինանսական «թռիչքները» հանրությանը ներկայացվում են որպես ազգականների անսահման բարության արդյունք։

Փոխարժեքներով հաշվարկված՝ նվիրատվություններն այսպիսի տեսք ունեն՝ 17.5 մլն դրամ նվիրատվություն՝ ազգականներ, ընկերներ, 28.9 հազար ԱՄՆ դոլար՝ ազգականներ, ընկերներ, 17.3 հազար եվրո՝ ազգականներ, ընկերներ, 2.4 մլն ռուսական ռուբլի՝ եղբայրներից (Վահան, Վարդան Սանոսյաններից, Ռուստամ Տոնոյանից)։

Ովքե՞ր են Սանոսյանի մեծահարուստ եղբայրներն ու մերձավորները։ Իսկապես, լուրջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է հանքից բարձր աշխատավարձ ստացող պետական բարձրաստիճան պաշտոնյային «ազգականներն ու ընկերները» միլիոնների հասնող նվիրատվություններ անեն։ Ողջամիտ կասկած է առաջանում, որ սա անօրինական եկամուտները «օրինականացնելու» և հայտարարագրում առկա ֆինանսական ճեղքերը եղբայրների ու մերձավորների անվան տակ թաքցնելու սխեմա է։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, դեռևս ՏԿԵ նախարար աշխատելու ժամանակ գնել Սանոսյանի թոշակառու մայրը 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն էր կառուցում։ Դեռևս նախարարական տարիներին Սանոսյանի անունը մշտապես կապվում էր ասֆալտապատման միլիարդանոց պետական տենդերներ շահող «ԵվրոԱսֆալտ» ընկերության հետ, որտեղ նրա եղբայրը՝ Վահան Սանոսյանը, զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը։

Մյուս եղբայրը՝ Վարդան Սանոսյանը, ըստ Գնել Սանոսյանի պարզաբանուների, Ռուսաստանում զբաղվում է շինարարական բիզնեսով, ում միջոցներով էլ իրականացվում էր մոր համար կառուցվող 230 000 դոլարանոց շքեղ առանձնատունը։ Ամենակարևոր հարցը թերևս հետևյալն է․ եթե Ամուլսարի հանքը դեռ ամբողջ ծավալով շահագործման փուլ չի մտել և կայուն եկամուտներ չի ապահովում, իսկ այն շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ի գործունեության թափանցիկության վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, ապա ինչպե՞ս է ընկերությունը Գնել Սանոսյանին վճարել 56 մլն դրամ աշխատավարձ։

Հիշեցնենք՝ Գնել Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը նա լուրջ ներգրավված չի էղել քաղաքականության մեջ, սակայն 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, մինչև նույն թվականի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

Փոխնախարարի պաշտոնը լքելուց հետո՝ Սանոսյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ապա 2021 թվականի օգոստոսին նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *