Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ միաժամանակ դուրս են եկել երկու տարբեր երթերի

Տասնյակ հազարավոր ցուցարարներ միացել են Լոնդոնում անցկացվող երկու հակադիր երթերի՝ «Միավորենք Թագավորությունը» հանրահավաքին, որը կազմակերպել էր ուլտրաաջ գործիչ Թոմի Ռոբինսոնը, և պաղեստինամետ ցույցին, հայտնել է BBC News-ը։

Բրիտանիայի մայրաքաղաքում տեղակայվել է ավելի քան 4 000 ոստիկան, որոնք վերահսկում են երկու երթերի միջև այսպես կոչված «ստերիլ գոտին»։ Ոստիկանությունը նաև կիրառել է անօդաչու սարքեր, ոստիկանական ձիեր և շներ, ինչպես նաև պատրաստ վիճակում է պահել զրահապատ տեխնիկան։

Լոնդոնի ոստիկանությունն իրադարձությունն անվանել է վերջին տարիների ամենախոշոր ոստիկանական գործողություններից մեկը, քանի որ շաբաթ օրը կեսօրին տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ նույնպես հավաքվել էին «Ուեմբլի» մարզադաշտում՝ Անգլիայի գավաթի եզրափակիչը դիտելու համար։

Ոստիկանության տվյալներով՝ իրականացվել է ավելի քան 30 ձերբակալություն։

Ոստիկանությունը տեղադրել է արգելապատնեշներ, որպեսզի փակի երկու բողոքի ակցիաների միջև անցնող երթուղիները։

Ուլտրաաջ գործիչ Ռոբինսոնի հետ միասին, որի իսկական անունը Սթիվեն Յաքսլի-Լենոն է, հանրահավաքին ելույթ են ունեցել LBC-ի նախկին հաղորդավար Քեթի Հոփքինսը, քաղաքական գործիչ դարձած դերասան Լոուրենս Ֆոքսը և հեռուստահաղորդավար Էնթ Միդլթոնը։

Պաղեստինամետ երթը, որը նվիրված էր Նաքբայի օրվան, սկսվել է Քենսինգթոնում, այնուհետև Պիկադիլիով շարժվել դեպի Վաթերլոոյի հրապարակ։ Նաքբայի օրը կապված է պաղեստինցիների տեղահանության հետ, որոնք փախել կամ վտարվել էին իրենց տներից 1948-1949 թվականներին Իսրայելի ստեղծման հետ կապված պատերազմի ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *