Լուսինե Թովմասյանը պատմել է «Մի՛ վախեցիր» ֆիլմի ամենաբարդ տեսարանի և 2-րդ մասի մասին: Խորեն Լևոնյանի գլխավոր դերակատարմամբ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը հայկական ժամանակակից կինեմատոգրաֆի ամենասիրված ու հաջողված աշխատանքներից է։
Արցախյան ազատամարտի մասին պատմող այս դրամայում նկարահանվել էր նաև Լուսինե Թովմասյանը՝ մարմնավորելով գլխավոր հերոսի՝ Արմանի սիրելիի դերը։
Ինստագրամյան հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդները Լուսինեին բազմաթիվ հարցեր են ուղղել ֆիլմի նկարահանումների վերաբերյալ։ Մոդել-հաղորդավարուհին մեծ սիրով հետ է գնացել տարիներ հետ և կիսվել իր ամենախորը էմոցիաներով:
««Մի վախեցիր»-ից շատ-շատ հիշողություններ ունեմ։ Հրաշալի թիմ էր աշխատում, հրաշալի դերասանական կազմ։ Երևի ամենասիրելի ու ամենահուզիչ դրվագը այն տեսարանն էր, երբ տանը Արմանին հրաժեշտ եմ տալիս։ Իսկ ամենաբարդն ու ամենահուզականը վերջին մասն էր ինձ համար, երբ ռադիոյով լսեցի Արմանի մահվան լուրը»,- անկեղծացել է Լուսինեն։
Ֆիլմի երկրպագուներին միշտ էլ հետաքրքրել է՝ արդյոք հնարավոր է տեսնել պատմության շարունակությունը։ Այս հարցում դերասանուհին բավականին հաստատուն կարծիք ունի և չի կարծում, որ նոր սերիաներ նկարահանելու կարիք կա. «Չեմ կարծում, որ ֆիլմի երկրորդ մասը կլինի։ Կարծում եմ՝ այն իր շատ տրամաբանական ու ճիշտ ավարտն ունեցավ։ Դրանից հետո շարունակելը արդեն անիմաստ կլինի»,- նշել է նա։
«Մի՛ վախեցիր» ֆիլմն իր յուրահատուկ սաունդթրեքով և դերասանական խաղով մինչ օրս էլ հուզում է հեռուստադիտողին, իսկ Լուսինեի համար այն մնում է իր կյանքի ամենատպավորիչ ստեղծագործական փորձերից մեկը։