Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ, հաղորդում են ասիական լրատվամիջոցները։
Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ անկախ միջազգային իրավիճակից՝ Թայվանի նեղուցի երկու կողմերում ապրող ժողովուրդների մերձեցումն ու միավորումը պատմականորեն անխուսափելի գործընթաց է։
Նա նաև ընդգծել է, որ «Թայվանի անկախությունը» մնում է տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառներից մեկը՝ հավելելով, որ Պեկինը չի հանդուրժի նման զարգացումները։
Իր հերթին Չժեն Լիվենը նշել է, որ կողմերը պատրաստ են համագործակցել՝ «չինական քաղաքակրթության վերածննդի» գաղափարի շրջանակում։ Նա վստահություն է հայտնել, որ նեղուցի երկու կողմերում ապրող ժողովուրդները կարող են փոխադարձ հարգանքի մթնոլորտում զարգացնել հարաբերությունները և շարժվել միմյանց ընդառաջ։
Արևմտյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ Չինաստանի նախագահի և թայվանական քաղաքական ուժի ներկայացուցիչների միջև նման մակարդակի հանդիպումները հազվադեպ են։ Սա Սի Ծինփինի և «Գոմինդան» կուսակցության առաջնորդի առաջին շփումն է վերջին տասնամյակում։