Ղալիբաֆ․ Տարածաշրջանի որոշ երկրներ հույսը դրել էին ԱՄՆ պաշտպանության վրա, սակայն իրադարձությունները հակառակը ցույց տվեցին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հանդիպելով Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ, հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին՝ ԱՄՆ ներկայությունը անվտանգություն չի բերում, այլ, ընդհակառակը, պայմաններ է ստեղծում անկայունության համար, հաղորդում է Tasnim-ը։

Ըստ նրա, տարածաշրջանի որոշ պետություններ հույս ունեին, որ ամերիկյան ռազմական ներկայությունը իրենց համար կդառնա պաշտպանության երաշխիք, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին հակառակը։

Ղալիբաֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը տարածաշրջանի երկրներին բերում են միայն սպառնալիքներ և անկայունություն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և ժողովրդին՝ վերջին պատերազմի ընթացքում Իրանին ցուցաբերած աջակցության համար։ Խոսնակը հայտնել է, որ Թեհրանում բարձր են գնահատել Իսլամաբադի դիրքորոշումը, իսկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հակամարտության սկսվելուց հետո իր առաջին ուղերձում հատկապես նշել էր Պակիստանը։

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, սակայն քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության ոլորտներում համագործակցությունը պետք է ավելի արագ զարգանա։ Նա հավելել է, որ միջխորհրդարանական կապերի ընդլայնումը նույնպես առաջնահերթությունների թվում է։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին, իր հերթին, նշել է, որ Իսլամաբադում անցկացված բանակցությունների ընթացքում իրանական կողմը հաստատակամորեն պաշտպանել է ազգային շահերը՝ միաժամանակ ձգտելով գոյություն ունեցող խնդիրների խաղաղ կարգավորմանը։

Ըստ նրա, երկու երկրների ժողովուրդները նախկինում էլ մոտ էին, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերություններն ավելի են սերտացել։ Նաքվին ընդգծել է, որ պակիստանցիները անկեղծորեն հաջողություն են մաղթում Իրանին և, ինչպես ինքն է արտահայտվել, «գիշեր ու ցերեկ աղոթում են իրանցի ժողովրդի և նրա ղեկավարության համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *