Mercedes-Benz-ը և Գերմանիայի մյուս ավտոբրենդները խաղադրույք են կատարում պաշտպանական պատվերների վրա․ Bild

Գերմանական «Mercedes-Benz» ավտոարտադրողը և ԳԴՀ-ի այլ ավտոբրենդեր իրենց խաղադրույքն են կատարում պաշտպանական պատվերների վրա։ Այս մասին գրում է «Bild» թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ վերջերս Ֆրանսիան պատվիրել է 7 հազար «Zetros» բեռնատար և գործընկերության պայմանագիր կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող գերմանական «Quantum Systems» ընկերության հետ։ Բունդեսվերը (ԳԴՀ զինված ուժերը) «Daimler Trucks»-ից (որտեղ «Mercedes»-ի մասնաբաժինը կազմում է 30%) արդեն պատվիրել է հարյուրավոր «Arocs 6×6» բեռնատարներ՝ լոգիստիկ կարիքների համար։ Անալոգային պատվեր է կատարել նաև Լիտվան։ Ինքը՝ «Mercedes-Benz»-ը, նույնպես պլանավորում է նպատակաուղղված ընդլայնում իրականացնել ռազմական ոլորտում, նշում է թերթը։

Ինչպես բեռնատարների ստորաբաժանման դեպքում, խոսքն այստեղ նույնպես խոշոր պայմանագրերի մասին է։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Mercedes G-Class» ամենագնացները (Բունդեսվերում դրանք կրում են «Wolf» անվանումը)։ «Daimler Trucks»-ի տեսականու մեջ շեշտը դրվում է «Unimog» ամենագնացի, «Sprinter» ֆուրգոնի և ծանր բեռնատարների վրա։ Ընկերությանը գրավում են զանգվածային արտադրության հեռանկարները, որոնք հաճախ ներառում են մի քանի հազար միավոր տեխնիկա, հավելում է թերթը։

Ինչպես ընդգծում է Bild-ը, Quantum Systems ընկերության հետ համատեղ «Mercedes-ը աշխատում է բեռնատար ավտոմեքենաների և անօդաչու թռչող սարքերի երամների ինտեգրման ուղղությամբ»։ «Mercedes-Benz-ի սկզբնական դիրքորոշումը քաղաքացիական ավտոմեքենաների մշակումն ու արտադրությունն է։ Միևնույն ժամանակ, անվտանգության և պաշտպանության ոլորտում մեր գործունեությունը ռազմավարական ուղղություն է, որը մենք կշարունակենք ակտիվորեն զարգացնել մեր գործընկերների հետ համատեղ կերպով»,— Bild-ին հայտնել է Mercedes-ի ներկայացուցիչը։

Սակայն ընդհանուր ռազմավարությունը մնում է անփոփոխ. Mercedes-ը հստակ չի նախատեսում դառնալ պաշտպանական կոնցեռն։ Ընկերության սեփական գործարաններում չեն արտադրվում ոչ տանկեր, ոչ հրետանային համակարգեր, ոչ էլ զինամթերք, պնդում է Bild-ը։ Թերթը նշել է, որ ավտոմեքենաների զինվորական սարքավորումներով և սպառազինությամբ համալրումը կատարվում է գործընկերների ձեռնարկություններում։ Սակայն այս միտումը չի վերաբերում միայն Mercedes-ին. պաշտպանական կոնցեռններն այժմ ակտիվորեն կապեր են փնտրում ճգնաժամ ապրող ԳԴՀ-ի ավտոարդյունաբերության հետ։

Այսպես, իսրայելական Rafael կոնցեռնը Գերմանիայում գործարաններ է փնտրում հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրության և իր լազերային զենքի հավաքման համար։ Տանկեր արտադրող KNDS ընկերությունը բանակցություններ է վարում Բեռլինի մերձակայքում գտնվող Լյուդվիգսֆելդեի Mercedes-ի գործարանը գնելու կամ դրա մի մասն օգտագործելու շուրջ։ Օսնաբրյուկում գտնվող Volkswagen-ի գործարանը (որը նախատեսվում է փակել 2027 թվականին) նույնպես KNDS-ի առաջնահերթությունների ցուցակում է (Boxer զրահափոխադրիչների արտադրություն կազմակերպելու համար)։ Իսկ BMW ավտոհամերկրությունը բանակցում է ինքնավար վարման տեխնոլոգիաները ռազմական ոլորտում ներդնելու շուրջ, ամփոփում է թերթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *