
«Այս իշխանությունը լռություն է պահպանում, և այնպես են անում, որ մոռացության մատնվի, մինչդեռ իմ տարածած ձայնագրության նպատակն էր ցույց տալ, որ մեզնից գողանում են մեր ընտրությունները, գործում է հատուկ սխեմա»,- դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։
«Կա բարձր մակարդակի, կազմակերպված հովանավորչություն։ Մեր նպատակը չէ, որպեսզի ուսանողներին, ուսուցիչներին ենթարկեն պատասխանատվության, որովհետև նրանք ևս զոհեր են և մեր նպատակն է պաշտպանել նրանց այս արարքներից։ Հանցագործության մասին այս հաղորդման մեջ նշել ենք, որ պետք է քննություն տարվի, վարույթ իրականացվի և պարզվի քաղաքական մակարդակի բարձր պաշտոնատար անձանց ներգրավվածությունն այս արարքներին։ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան. ովքեր ներգրավված են այս հանցավոր արարքի մեջ և այս սխեման հովանավորում են նաև նրանք, բայց անընդհատ պատասխանատվությունն ու մեղքը գցում են այն մարդկանց վրա, ու իրենք ճնշում են»,- նշել է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արման Թաթոյանը ձայնագրություն էր հրապարակել, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսն ուսանողներին պարտադրում մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։