Չինաստանում ածխի արդյունահանումը 2026 թվականի ապրիլին նվազել է 1%-ով և կազմել 385,63 միլիոն տոննա։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը։
Նվազումը գրանցվել է մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից հետո։ Ընդհանուր առմամբ, տարվա առաջին չորս ամիսներին Չինաստանում արդյունահանվել է 1,58 միլիարդ տոննա ածուխ, ինչը 0,1%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Միաժամանակ կրճատվել է նաև ածխի ներմուծումը։ Ապրիլին Չինաստանը ներմուծել է 33,1 միլիոն տոննա ածուխ, ինչը 14%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Հունվար-ապրիլ ամիսներին ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 149,4 միլիոն տոննա՝ տարեկան կտրվածքով նվազելով 2,1%-ով։
Վերլուծաբանները նշում են, որ ածխի պահանջարկի նվազումը կապված է այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ հատկապես քամու և արևային էներգիայի արտադրության աճի հետ։
2025 թվականին Չինաստանում ածխային և գազային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը առաջին անգամ վերջին տասնամյակում նվազել էր։
Չնայած դրան՝ նախորդ տարի երկրում ածխի արդյունահանումը հասել էր պատմական առավելագույնին՝ աճելով 1,2%-ով և կազմելով 4,83 միլիարդ տոննա։
Ածխի ներմուծման անկումը շարունակական միտում է դարձել նաև վերջին տարիներին։ 2025 թվականին Չինաստանի ածխի ներմուծումը նվազել էր 9,6%-ով՝ կազմելով ընդհանուր առմամբ 490 միլիոն տոննա։