Հորմուզի նեղուցը վերահսկող իրանական մարմինը պաշտոնական էջ է բացել X սոցիալական ցանցում՝ այս կարևորագույն միջազգային ծովային միջանցքով տարանցումը պարզեցնելու ջանքերի շրջանակում:
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի վարչությունը (PGSA) երկուշաբթի իր առաջին հրապարակման մեջ հայտարարել է, որ էջն օգտագործվելու է «Հորմուզի նեղուցի գործառնության վերաբերյալ օպերատիվ թարմացումների և վերջին իրադարձությունների» մասին տեղեկություններ հրապարակելու համար:
«Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի վարչության (PGSA) պաշտոնական էջն այժմ ակտիվ է»,- ասված է հրապարակման մեջ, հաղորդում է Press TV-ն:
Ավելի վաղ Press TV-ն հայտնել էր Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար Իրանի կողմից նոր ծովային մեխանիզմի գործարկման մասին։
Այդ մեխանիզմը նախատեսում է, որ բոլոր այն նավերը, որոնք ծրագրում են տարանցում իրականացնել նեղուցով, PGSA-ից կստանան էլեկտրոնային նամակներ՝ անցման կանոնների և կանոնակարգերի մասին տեղեկություններով։
PGSA-ն ստեղծվել է, երբ Իրանը լիակատար վերահսկողություն է սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական ագրեսիայի։
Անցյալ ամիս ըստ Իրանի խորհրդարան ներկայացված օրինագծի՝ նախատեսվում է սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ին և այլ «հակառակորդներին» պատկանող կամ նրանց հետ կապված նավերի համար, ինչպես նաև լիակատար արգելք սահմանել Իսրայելի հետ կապ ունեցող նավերի անցման վրա։
Փաստաթուղթը նախատեսում է նաև նեղուցով անցնելու համար վճարների համակարգ։ Այդ միջոցները պետք է ուղղվեն հակամարտությունից առաջ և հետո Իրանին հասցված վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև նավագնացության անվտանգության ապահովմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը։