ԱՄՆ-ն դաշնակիցներին կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դիմել է G7-ի երկրներին, Վաշինգտոնի դաշնակիցներին և միջազգային գործընկերներին՝ կոչ անելով ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմների պահպանումը, գրում է Politico-ն:

Փարիզում Մեծ Յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման մեկնարկից առաջ ունեցած ելույթում Բեսենթն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի խստորեն խափանի այն ապօրինի ֆինանսական հոսքերը, որոնք սնուցում են Թեհրանի ռազմական ներուժը։

«G7-ի բոլոր երկրներին, մեր դաշնակիցներին և ամբողջ աշխարհին կոչ ենք անում հետևել պատժամիջոցային ռեժիմներին, որպեսզի կանխվի իրանական ռազմական մեքենային աջակցող անօրինական ֆինանսավորումը, և այդ միջոցները վերադարձվեն իրանցի ժողովրդին»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։

Թեև Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ներառված չեն գագաթնաժողովի հիմնական օրակարգում, Մերձավոր Արևելքի հակամարտության և դրա տնտեսական հետևանքների թեման կարևոր տեղ է զբաղեցնում բանակցություններում։ Երկու օրվա ընթացքում հանդիպման մասնակիցները քննարկում են գլոբալ մակրոտնտեսական անհամաչափությունները, հասանելիությունը կրիտիկական նշանակություն ունեցող ռեսուրսներին, տնտեսական հանցագործությունները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև շարունակվող պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

Բեսենթի կոչը հնչել է Դոնալդ Թրամփի՝ գնալով ավելի կոշտացող հռետորաբանության ֆոնին։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ Իրանին զգուշացրել էր, որ դիվանագիտական կարգավորման ժամանակը սրընթաց սպառվում է։ «Նրանց համար լավ կլինի սկսել գործել արագ, այլապես նրանցից ոչինչ չի մնա»,- Truth Social-ում գրել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *